Ճանապարհը շատ դժվարություններ առաջացրեց
«Ժամանակին ոչ ոք Բարձրավանի անունը չէր տալիս, հիմա, երբ ճանապարհը փակվեց, բոլորը գիտեն մեր գյուղի տեղը,- ասում են գյուղի բնակիչները,- գյուղի երեխաներին այս տարի նույնիսկ նվերներ, հեծանիվներ են բաժանել, չգիտենք էլ՝ ո՞վ եւ ո՞ր կազմակերպությունից: Իհարկե, ցավալի է, որ նման պայմաններում են մեզ հիշել»:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակվելուց եւ ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Բարձրավանը կորցրել է կապը արտաքին աշխարհի հետ: Գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, դադարեց գործելուց 2021 թվականի նոյեմբերի կեսից:
Տեւական ժամանակ է՝ բարեկարգվում է գյուղի այլընտրանքային Տաթեւ-Կապան ճանապարհը, որի շինարարությունը կլիմայական խիստ պայմանների պատճառով օրեր առաջ դադարել է:
Համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը տեղեկացրեց, որ այս պահին ճանապարհը չի գործում: Գյուղացիները հիմնականում օգտվում են Գորիս-Կապան ճանապարհից, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար: Անտառների միջով անցնող 8 կմ երկարությամբ այս ճանապարհը չի հիմնանորոգվել խորհրդային տարիներից ի վեր: Կբարեկարգվի, թե ոչ, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել: «Հունվարի 20-ին ճանապարհը փակվել էր ձնաբքի պատճառով, համապատասխան մարմիններին դիմելուց հետո եկան տեխնիկայով բացեցին: Տվյալ պահին ռեսուրսներն ու դրամական միջոցներն ուղղված են Տաթեւ-Կապան ճանապարհի բարեկարգմանը: Սեպտեմբերի վերջին ասֆալտապատ ճանապարհը պատրաստ կլինի»,- ասում է Օնիկ Ավագյանը:
Միջպետական ճանապարհի փակվելուց հետո բարձրավանցիները Գորիս հասնելու համար կրկնակի, եռակի վառելիք են ծախսում: «Գորիս-Կապանի՝ ադրբեջանական հատվածին որպես այլընտրանք կառուցած Տաթեւ-Աղվանի ճանապարհը երկար է, Բարձրավանից մինչեւ Գորիս 46 կմ է: Բացի այդ՝ ծանր ճանապարհ է, հաճախ խցանվում է պարսկական բեռնատարների պատճառով: Իրանցի վարորդների համար բարդ է նեղ ճանապարհներով վարելը, շրջադարձ անելիս կողաշրջվում են, այդպես ժամերով ճանապարհին կանգնած ես մնում»,- ասում է Բարձրավանի բնակիչ Վիլեն Հարությունյանը:
Գյուղ նաեւ ուսուցիչներն են մեծ դժվարությամբ հասնում: Նրանց մի մասը Գորիսից է այստեղ գալիս. հողածածկ ճանապարհով գյուղ հասնելու վրա մի քանի ժամ են ծախսում: Ըստ գյուղապետի՝ դասապրոցեսի խնդիրը լուծելու այլընտրաքային տարբերակը հեռավար ուսուցման անցնելն էր: Հացի խնդիրը լուծել են ամեն օր համայնքապետարանից բնակիչներին 6-ական հաց հասցնելով:
«Վերջին ամիսներին շտապօգնության մեքենա չենք կանչել, հիվանդանոց բնակիչներն իրենց անհատական մեքենաներով են հասնում,- ասում է վարչական ղեկավարը,- մի երեխա ունենք միայն, որ ի ծնե առողջական խնդիրներ ունի, մշտական բուժում է ստանում, անհրաժեշտության դեպքում պայմանավորվում ենք մարզպետարանի, սահմանապահ զորքերի հետ, հատուկ մեքենա են տրամադրում, երեխային հասցնում ենք Գորիս, Երեւան»: Վերջին անգամ հունվարի 22-ին են նրան ԱԻՆ-ի մեքենայով Երեւան տեղափոխել:
Շրջում ենք գյուղով, լքված տները շատ են: Գյուղի դպրոցի առջեւ հանդիպում ենք Նվեր Հարությունյանին, տուն է հրավիրում: Պապը՝ Հարությունյան Մամիկոնն է այս տանն ապրել, խորհրդային տարիներին գյուղի նախագահն էր: Շառավիղներից միայն Ֆրունզիկն ու տիկինը՝ Արմիդան են Բարձրավանում ապրում, թոշակի անցնելուց հետո այստեղ են տեղափոխվել, չեն ուզում լքել պապական տունը: Որդիները, եղբայրն՝ իր ընտանիքով, Երեւան են տեղափոխվել, Ուկրաինա, Ռուսաստան արտագաղթել:
Ֆրունզիկ պապի ավագ որդին էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատում: Բարձրավանի բնակիչները հիմնականում Կապանի ու Զանգեզուրի հանքերում են աշխատում: Ֆրունզիկ Հարությունյանը մեղու, հավ է պահում, հող մշակում. «Ձմռանը տիկնոջս հետ երեք ամսով գնում ենք տղաներիս մոտ՝ Կապան: Հիմա, որ փայտը կա տանը, ճանապարհների պատճառով այս տարի այստեղ ենք ձմեռել, թե չէ գնում ենք, գարնանը՝ վերադառնում: Ոռոգման ջուրն է խնդիր, գյուղացին վնասով է աշխատում: Եթե բախտը բերի, անձրեւային տարի լինի, բերք կստանա, ծախսը կհանի»: Ըստ վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի՝ ջրի տարեցտարի լրջացող խնդիրը լուծելու ուղիներ են փնտրում, Բարձրավանի եւ Շուռնուխի համար նոր ջրագիծ են կառուցելու, սպասում են ծրագրի հաստատմանը:
Նոր ճանապարհն իր լավ կողմերն ունի
«Տաթեւ-Կապան ասֆալտապատ ճանապարհից Բարձրավան թեքվելիս 2 կմ մինչեւ Տանձավեր մեր արոտավայրերն ու վարելահողերն են, նախկինում տեխնիկա՝ կոմբայն մտնել չէր կարողանում, նեղ էր, խոտը ձեռքով էինք հնձում»,- ասում է բնակիչներից Վիլեն Հարությունյանը, որ վատ ճանապարհների պատճառով մեքենան ստիպված է լինում պարբերաբար նորոգել: Այլընտրանքային կառուցվող ճանապարհը տեխնիկա գործարկելու հնարավորություն կտա:
«Կարեւորը սահմանը խաղաղ լինի, մնացածը կարող ենք ստեղծել մեր հող ու ջրի վրա,- հավելում է եղբոր կինը՝ պարտեզի դաստիարակ Աննա Մարտիրոսյանը,- Աստծո հույսին ենք ապրում, չորս կողմն անտառ է, ի՞նչ իմանաս մի դիվերսանտ մտնի գյուղ, ո՛չ զորք կա, ո՛չ զինվոր: Այդ առումով Շուռնուխն ու Որոտանն ավելի ապահով են»: 8-հոգանոց ընտանիքի համար, որտեղ երկու երեխա է մեծանում, մտահոգիչը անվտանգությունն է: Նրա եւ բնակիչների խնդրանքով հինգ ամիս առաջ գյուղապետարանի շենքում բացվել է մանկապարտեզ, ավելի ճիշտ՝ միայն ննջասենյակ ու խաղասենյակ, որտեղ 6 երեխա մինչեւ ժամը 13-ը նախադպրոցական կրթություն է ստանում: Չոր սնունդ՝ թխվածքաբլիթ են տալիս երեխաներին: Սկզբում ծնողներն էին գնում, ճանապարհը փակվելուց հետո քաղաքապետարանն է հանձն առել:
Աննա Մարտիրոսյանը հուսով է, որ մի օր էլ պարտեզի սանհանգույցի եւ խոհանոցի խնդիրը կլուծվի, երեխաներն ավելի երկար ժամանակ կկարողանան անցկացնել: Մասնակի նորոգվել է նաեւ դպրոցը, գյուղի ակումբն անմխիթար վիճակում է, երեխաների համար այլընտրանքային զարգացման միջոցները միայն երազանք են:
«Երեխաներն ապրում են մեծերի կենցաղային կյանքով, ում հետ զրուցես, կթվա՝ հասուն մարդու հետ ես խոսում, անուղղակի կամ ուղղակի մասնակից են դառնում մեր կենցաղին»,- ասում է պարտեզի դաստիարակը: Նման պայմաններում գյուղում անչափահաս 14 երեխա է մեծանում, որից 6-ը՝ մանկապարտեզի տարիքի: Բարձրավանում այսօր 23 ընտանիք է ապրում:
Բարձրավանում մտածում էին զբոսաշրջության մասին
Մինչեւ պատերազմը Բարձրավանը զբոսաշրջության զարգացման ծրագիր էր ներկայացրել համայնքապետարանին: «Արշավականների համար Գորիսից մինչեւ Խուստուփ երեք երթուղի էինք գծել, երկուսը Բարձրավանի տարածքով պետք է անցներ: Ծրագրով նախատեսվում էր հյուրատներ, գիշերակացի քոթեջներ, սննդի կետեր կառուցել: Պատերազմից հետո քոթեջների կառուցումը դադարել է: Ծրագիրը նաեւ աշխատատեղի խնդիր կլուծեր»,- ասում է վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը:
Բարձրավան գյուղից 1 կմ վերեւ՝ անտառի մեջ, կարելի է տեսնել նորակառույց փայտե քոթեջները, բնակիչների կարծիքով ծրագրի իրագործվելուց հետո էապես կզարգանա նաեւ գյուղական զբոսաշրջությունը: «Եթե մի տուրիստ գա, տեսնի՝ գյուղում թեյաբույսեր, մեղր են վաճառում, կգնի: Գուցե ճանապարհը կառուցվի, մի քիչ աշխուժանա մեր գյուղը»,- Աննա Մարտիրոսյանը զբոսաշրջային զարգացման վերաբերյալ գաղափարներ ունի, ֆինանսական աջակցության եւ ուղղորդման կարիք՝ եւս: «Այստեղ բուսական աշխարհն այնքան հարուստ է, որ ամեն ինչ մեր անտառներից կարող ես հավաքել, թեյի արտադրություն հիմնել, բոլորս էլ հաճույքով կաշխատենք»:
Սկեսուրը՝ Տոնյա Հովսեփյանն էլ խորհրդային տարիներն է հիշում, երբ գյուղում ակտիվ գյուղատնտեսական կյանքով էին ապրում, գործում էր կարի ֆաբրիկա, որն այժմ հանդիսությունների սրահի են վերածել, ֆերմաներից մեկում էլ ինքն էր աշխատում, դա էլ սեփականաշնորհել են: «Եթե հիմա գյուղում կաթնամշակման արտադրամաս սարքեն, մարդիկ իրենց կաթնամթերքը կկարողանան սպառել, էլի օգուտ կլինի, մեր կաթնամթերքը հիմա Կապանից բարեկամ-հարեւաններն են տանում»:
Զբոսաշրջային զարգացման մաս է կազմում նաեւ տանիքների նորոգումը: Աշխատանքներն, ըստ ամենայնի, գարնանը կսկսվեն, բայց վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն ասում է՝ առանց անվտանգության խնդիր լուծելու Բարձրավանում ներդրումներ անելու մասին, մեղմ ասած, միամտություն է խոսել:
լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։