Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ երկրում ձյան տեսքով տեղումների եւ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մուս տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
Գուդաուրի-Կոբի եւ Մլետա-Գուդաուրի հատվածներում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը եւ միայն ձնապաշտպան թունելների միջով:
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու ամենաբարդ եւ վտանգավոր՝ Քոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024-ին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաեւ 6 կամուրջ եւ 5 թունել: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Լարսը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։