Արդարություն եւ զարգացում կուսակցության խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը հարցազրույց է տվել թուրքական «Milliyet» թերթին։ Զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, այդ թվում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների վերսկսման գործընթացը, Թուրանը պատասխանել է․ «Մենք ցանկանում ենք բոլոր երկրների հետ առեւտրի ծավալները մեծացնել, քաղաքական հարաբերությունները երկխոսության միջոցով ավելի ամրապնդել։
Թշնամանքը խորացնելուց ոչ մի կողմը չի շահի։ Բայց ոչ մի դեպքում չենք նահանջի մեր սահմանած կարմիր գծերից, մեր իրավունքներից ու մեր արժեքներից։ Թե՛ Հայաստանը եւ թե՛ Իսրայելը, եթե իրապես ցանկանում են հարաբերությունները կարգավորել, նախ պետք է անկեղծ լինեն։
Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մեր տեսլականը։ Մեծապես ակնկալում եմ, որ այս գործընթացում նույնպես կգերակշռի խաղաղության, վստահության եւ կայունության ձգտող դիվանագիտությունը։ Բոլոր հարցերին պիտի վերաբերվենք սթափ, հանգիստ ու խելացի մոտեցմամբ։ Ոչ միայն տարածաշրջանը, այլ նաեւ ողջ աշխարհն առանց Թուրքիայի չի կարող լինել։ Միջազգային հարթակում Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումը մշտապես ուշադրության կենտրոնում են»,- նշել է Բյուլենթ Թուրանը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը