«Հունգարիայի արտաքին գործերի նախարարն անցած շաբաթ կոչ է արել Եվրամիությանը անկանոն միգրացիայի դեմ պայքարում աջակցելու Թուրքիային»,- գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։
Նախարար Պիտեր Զիջարտոն Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ ԵՄ-ն կկորցնի իր հեղինակությունը տարածաշրջանում, եթե դաշինքն արմատապես չփոխի իր «ձախողված» քաղաքականությունը Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
«ԵՄ-ն նաեւ պետք է ձգտի սիրիացի եւ լիբիացի միգրանտներին վերադարձնելու իրենց հայրենիք, դադարեցնելու միգրացիան այդ երկրներից եւ այդ երկրներով միգրանտների տարանցումը»,- ասել է նա։
Թուրքիան եղել է առանցքային տարանցիկ կետ անկանոն միգրանտների համար, որոնք ցանկանում էին անցնել Եվրոպա՝ նոր կյանք սկսելու համար, հատկապես նրանց, որոնք փախել էին պատերազմի արհավիրքներից եւ հետապնդումներից։
ԵՄ-ի հետ 2016 թվականի մարտին կնքված համաձայնագրի միջոցով Թուրքիան առանցքային դեր ունեցավ միգրանտների թիվը նվազեցնելու եւ ճգնաժամը մեղմելու գործում: Մտահոգություններ առաջացան Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո թալիբների հարձակումների պատճառով ներգաղթյալների թվի հնարավոր աճի առնչությամբ:
Թուրքիան, սակայն, հասկացրել էր, որ չի կրելու երրորդ երկրների որոշումների հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամերի բեռը։
Պատրաստեց Կարինե Դավոյանը