Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ԱԳՆ-ից հայտնել են, որ «Թալիբան» շարժումը հերքում է ՄԱԿ-ի զեկույցի Աֆղանստանին առնչվող հայտարարությունները:
Ըստ զեկույցի՝ շարժման անդամները եւ նրա հետ կապված անձինք սպանել են Աֆղանստանի ավելի քան հարյուր նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաեւ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանց:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Անվտանգության խորհրդի զեկույցում հայտարարել է, որ թալիբներն ու շարժման հետ կապված մարդիկ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումից եւ համաներում հայտարարելուց հետո սպանել կամ առեւանգել են աֆղանստանցի տասնյակ նախկին պաշտոնյաների եւ անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաեւ միջազգային զորակազմերի հետ աշխատած մարդկանց:
«Իսլամական Էմիրությունը համաներման պահից ի վեր ոչ մեկի չի սպանել»,- հայտարարել է պաշտոնական Քաբուլը: Թալիբները նաեւ ՄԱԿ-ին հորդորել են Աֆղանստանի իրադրության վերաբերյալ առանձին կանխակալ շրջանակների տեղեկությունները հիմք չհամարել: