Երեւանի Հանրապետության հրապարակում վարորդներն ավտոերթ են իրականացրել` բողոքելով ԱՊՊԱ-ի սակագների թանկացման դեմ։ Բողոքի ավտոերթի մասնակիցները պահանջել են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում:
Երթեւեկելի հատվածում չկանգնելու եւ երթեւեկությունը չխաթարելու՝ ոստիկանների պահանջները չկատարած բողոքի ցույցի մասնակիցներից 7-ին մեքենաներից դուրս են բերել եւ բերման ենթարկել։ Բերման ենթարկված վարորդների մեքենաները ավտոքարշակներով հեռացրել են տարածքից։
Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է ընդունել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի հետևանքով կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաեւ փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բազային սակագինը ներկայիս 18,7 հազար դրամի փոխարեն կդառնա 21,7 հազար դրամ։ Սակայն այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը:
Բնականաբար, դրան կավաելանա այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Եվ հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին եւ բարձր ռիսկային գոտում երթեւեկող վարորդների համար սակագինն ավելի կբարձրանա: