ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ հայաստանյան ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության արատավոր դեպքերը հատկապես տարածված են մարզերում։ ՄԻՊ-ը կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պաշտոնավարման 6 տարվա ընթացքում այդ ոլորտի ուղղությամբ կատարած աշխատանքները ամփոփող տեսանյութ է հրապարակել։
Պաշտպանն ընդգծել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է իր անմիջական ուշադրության առարկան։
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ դեպքեր են եղել, երբ կինը բռնության է ենթարկվել, դիմել է ոստիկանություն, սակայն պարզվել է, որ այնտեղի ծառայողն ընկերական կամ մտերիմ հարաբերությունների մեջ է իրեն բռնության ենթարկած ամուսնու հետ։
«Ստացվում է, որ տվյալ ոստիկանն արդյունավետ քննություն տանելու փոխարեն գործը փորձում է փակել։ Լինում են դեպքեր, երբ կանայք գալիս են մեր աշխատակազմ` չիմանալով՝ որտեղ կարող են գիշերն անցկացնել կամ ինչ անել»,- պատմել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը իր բերած օրինակներից մեկում պատմել է, որ եղել է դեպք, երբ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելուց հետո ծեծել է երեխաներին, այնուհետեւ բոլորին վտարել տնից։
Հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ
Նման իրավիճակներում ՄԻՊ-ի աշխատակիցներն անմիջական կապ են պահպանում պետական համապատասխան մարմինների եւ բարեգործական հիմնադրամների հետ, այդ կանանց ու երեխաներին օգնելու համար անհապաղ աշխատանքներ ձեռնարկում։
Արման Թաթոյանի տվյալներով՝ շատ խնդիրներ պայմանավորված են կանանց մասին կարծրատիպային մտածողության, աշխատանքային իրավունքների խախտումների, ընտանիքում բռնության դեպքերի, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիության եւ այլ հանգամանքներով: Ըստ նրա` դրանք հրատապ լուծումներ են պահանջում։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են եղել նաեւ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, տուն-ինտերնատներում գտնվող կանայք։ Հատկապես ուշադրություն է դարձվել պահման պայմաններին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բիզնեսում նրանց մասնակցությունն ավելի ակտիվ դարձնելու համար ՀՀ մարզերում կանանց համար նաեւ դասընթացներ է կազմակերպել։
«Իմ աշխատանքային գործունեությունն ապացուցել է հստակ փաստ` որքան բարձր են պաշտպանված կնոջ իրավունքները հասարակությունում, այնքան բարձր է հասարակության առաջընթացը»,– նշել է Պաշտպանը։