Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնել է, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատազրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի կալանքից։
Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 31-ին ընդունած որոշմամբ մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Իսկ կալանավորման մասին նախորդ որոշման ժամկետն ավարտվում է փետրվարի 6-ին։
Ամիրխանյանի փաստաբանը պարզաբանել է, որ թեեւ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա է, նախաքննական մարմինը դեռ կարող է այն բողոքարկել։ Սակայն, ըստ փաստաբանի, բողոքարկումն ինքնին չի կասեցնում որոշման կատարումը։ Նա նշել է, որ նախաքննական մարմինը ցանկության դեպքում կարող է այդ ընթացքում բողոքարկել Վերաքննիչ դատարան:
Փաստաբանը միաժամանակ հավելել է, որ մինչեւ փետրվարի 6-ը բողոքարկման գործընթացը հազիվ թե ավարտվի։