Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, որովհետեւ մեր երկրում համառորեն չի կայանում կուսակցական համակարգը։ Հայաստանը պետք է անցնի նախագահական կառավարման։ Համենայն դեպս, մեզ նախագահի այսպիսի պաշտոն պետք չէ, որպիսին ունենք այսօր։ Նախագահը չորս տարի պաշտոնավարում է, վերջում ասում՝ ի սկզբանե անելու բան չունեի։
Իսկ ինչո՞ւ է մեզ պետք նախագահական կառավարում։ Դա պետք է, որպեսզի սկզբից կայանան կուսակցությունները։ Պայմանով, եթե նախագահը եւ կառավարությունը ձեւավորվում են պրոֆեսինալ սկզբունքով։ Նրանք չպետք է շահ ունենան սեփական կուսակցությունները կայացնելու։ Կուսակցությունները պետք է կարողանան իրենց դրսեւորել միայն խորհրդարանում, միաժամանակ իշխանություն ունենան կառավարության, բայց ոչ նախագահի վրա։ Նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի խորհրդարանի ընտրություններ, որում երկու անգամ ընտրություններով խորհրդարան չմտած քաղաքական ուժերը պետք է գնան ինքնալուծարման։
Այսօր ինչպե՞ս է։ Չորս անգամ անընդմեջ խորհրդարան չանցած Դեմկուսը կամ ԱԺՄ-ն շարունակում են անպտուղ մասնակցել ընտրությունների։ Նրանց ձայնը լսվում է միայն ընտրություններից առաջ։ Ընտրությունից ընտրություն նրանք բացարձակապես կուսակցաշինական ոչ մի աշխատանք չեն կատարում։ Ընդ որում չորս անգամ ձախողվելուց հետո էլ կուսակցության ղեկավարը հրաժարական չի տալիս։
Դա նոնսենս է։ Ձախողման համար պատասխանատվություն կրող չկա։ Վազգեն Մանուկյանը բոլորին անհայտ պատճառներով կարող է մտնել թատերաբեմ, տապալվել ու սպասել, որ ԱԺՄ-ի հետ կապ չունեցող ինչ-որ մարդիկ կամ քաղաքական անհայտ ուժեր նրան նորից կբերեն բեմի առաջին պլան։
Մարդը բացարձակապես չունի զգացում, որ քաղաքական գաղափարներ չունի, առավելագույնը կարող է ասել, որ գեներալները պետք է պատերազմի ընթացքում ձերբակալեին վարչապետին։ Էլի թող ձերբակալեին, բայց քե՞զ ինչ։ Քո քաղաքական ո՞ր տեսլականն էր ձախողում Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունների ներսում ժողովրդավարություն չկա։ Այդ իմաստով ամենաշահեկան վիճակում Ռոբերտ Քոչարյանն է, նա կուսակցություն չունի, ստիպված չէ որեւէ մեկի առաջ հաշվետու լինել։ Ոչ մեկը չի կարող հավակնել նրա տեղը զբաղեցնելու, որովհետեւ քաղաքական իմաստով նա չունի մի ուժ, որն առանց իրեն էլ կապրի։ Կուսակցությունը պետք է կարողանա կենսունակ լինել նաեւ առանց իր առաջնորդի։
Նոր Սահմանադրությամբ երկու անգամ անընդմեջ համապետական ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժը նույնպես պետք է լուծարվի, եթե նա մասնակցել, բայց ձախողվել է ՏԻՄ ընտրություններում։
Ինչո՞վ է կարեւոր կուսակցությունների լուծարումը։ Նրա անդամները կա՛մ ստիպված կլինեն գաղափարներ առաջարկել, կա՛մ կգնան խոշորացման։ Տեղի կունենա կուսակցությունների խոշորացում, եւ ի վերջո չենք ունենա փոքր երկրում մի 100 անպտուղ կուսակցություն, որոնք փորձում են իրենց գոյությունը ձգել ընտրությունների ժամանակ իշխանությունների հետ «բազարներ» անելով։
Այսօրվա կուսակցությունների մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ՍՊԸ-ներ էին, նրանց մի մասը Նիկոլ Փաշինյանի օրոք ընկալվում էին իբրեւ արտախորհրդարանական ուժ, որոնց հետ վարչապետը ժամանակ առ ժամանակ հանդիպում է։
Այս ամենը կարելի է անել նաեւ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում։ Բայց խորհրդարանական կառավարում ունեցող երկրում ոչ մի հաղթող ուժ չի ուզի, որ իրենից բացի որեւէ մեկը կայանա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: