«Կան արդյոք ռուսաստանամետ անջատողական շրջաններ այլ երկրներում,- հարցնում է «The Washington Post Sunday» պարբերականն ու պատասխանում:- Այո՛, այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» սկիզբ են առել 1991 թվականին Խորհրդային Միության անկումից հետո Ադրբեջանի, Մոլդովայի եւ Վրաստանի նախկին խորհրդային հանրապետություններում եւ լայնորեն դիտվում են որպես Կրեմլի ազդեցությունն ընդարձակելու ավելի մեծ ռազմավարության մաս»:
2018-ին «Washington Post»-ի հետաքննությունը պարզել էր, որ անջատողականների կողմից վերահսկվող Արեւելյան Ուկրաինայում պաշտոնյաները գումար են փոխանցում Վրաստանի Հարավային Օսիայի տարածաշրջան, որտեղից միջոցներն ուղղվում են դեպի Ռուսաստան: Ռուսաստանն այնուհետեւ այդ գումարով ուղղակիորեն ապրանք է առաքում Արևելյան Ուկրաինա:
1991-ին Մերձդնեստրում ռուսամետ անջատողականները Մոլդովայից առանձնացան` ասելով, որ իրենք էությամբ ավելի մոտ են Ուկրաինային եւ Ռուսաստանին, քան նորաստեղծ Մոլդովայի Հանրապետությանը, որն ավելի շատ կապված էր Ռումինիայի հետ:
Լեռնային Ղարաբաղը` որպես էթնիկ հայկական անկլավ, որը գտնվում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դարձավ վիճելի տարածաշրջան Խորհրդային Միության անկումից եւ երկու երկրների անկախացումից հետո:
2020-ի սեպտեմբերին հազարավոր զինվորներ սպանվեցին, եւ մի շարք գյուղերի բնակիչներ տեղահանվեցին վեցշաբաթյա արյունոտ հակամարտության հետեւանքով: Պատերազմը դադարեցվեց Պուտինի միջնորդությամբ, ինչը ցույց տվեց Ռուսաստանի դերն այդ հակամարտությունում դեռևս խորհրդային դարաշրջանից: Այժմ ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացնում անկլավում:
Աբխազիան եւ Հարավային Օսիան Ռուսաստանի օգնությամբ վերջնականապես կտրվել են Վրաստանից: Երկու շրջաններն էլ 1990-ականների սկզբին իրենց անկախ հռչակեցին, սակայն ռազմավարական տեսակետից մնացել են Կրեմլից կախված:
Պատրաստեց Կարինե Դավոյանը