Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի 26.6%-ով աճ։
Ըստ Մելիքյանի` քրգործերի աճը հիմնականում պայմանավորված է կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաեւ թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ: 2020-ի համեմատ քննված քրգործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4%-ով:
Մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 394 անձ։ Նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք:
ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանի ներկայացրած տվյալներով՝ 2021-ի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրգործ (2020-ին՝ 32 483 քրգործ)։ Աճը եղել է 28,9%։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 83,4 քրգործ 2020-ի 69,1-ի քրգործի դիմաց: