Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022-ի փետրվարի 1-ից ավելանում է 4,7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերի 29-ի նիստում:
Բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը կազմող սոցիալապես անապահովների համար սակագները կմնան անփոփոխ, բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը կազմող՝ ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար սակագինը կավելանա 1,5 դրամ/կՎտժ-ով: Բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցողների համար սակագները կավելանան 3,5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5,5 դրամ/կՎտժ-ով:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային եւ գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29,99 դրամ եւ 19,99 դրամ: Ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44,98 դրամի փոխարեն կդառնա 46,48 դրամ, գիշերայինը՝ 34,98 դրամի փոխարեն՝ 36,48 դրամ:
Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44,98 դրամի փոխարեն կդառնա 48,48 դրամ, գիշերային սակագինը գործող 34,98 դրամի փոխարեն՝ 38,48 դրամ:
Ամսական 400 կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառող բնակիչների համար ցերեկային սակագինը նախկինում գործող 47,98 դրամի փոխարեն կդառնա 53,48 դրամ, գիշերային սակագինը՝ նախկինում գործող 37,98 դրամի փոխարեն՝ 43,48 դրամ:
ԱՊՀ տարածքում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը ԱԷԿ շահագործող Հայաստանում է
Հիշեցնենք՝ ըստ ռուսական «Միր 24»-ի՝ 2021-ի հոկտեմբերի տվյալներով ԱՊՀ տարածքում ամենամատչելի էլեկտրաէներգիան Ղրղզստանում է՝ 1 կՎտ/ժ-ը՝ 1 ցենտ, Տաջիկստանում փոքր-ինչ բարձր է՝ 2,5 ցենտ, Ղազախստանում եւ Ադրբեջանում գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 4, 2 եւ 41 ցենտ: Էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 40%-ով բարձր է Ռուսաստանում եւ Վրաստանում՝ 7-ական ցենտ, Բելառուսում՝ 7,1 ցենտ, Հայաստանում՝ 11,1 ցենտ՝ 1 կՎտ/ժ-ի համար: