Մխիթարյան միաբանության գրադարաններում պահվող հայկական մամուլի համար ստեղծվել է առանձին հայկական թվային գրադարան: Այդ մասին «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Գիտություների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանից, որն էլ Մխիթարյան միաբանության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է նորարարական այս ծրագիրը:
Թվային գրադարանում տեղ են գտել 1794-1920-ի հայկական մամուլից հավաքածուներ, որոնք հասանելի են անվճար: Նախաձեռնողները նշում են, որ ծրագրի նպատակն է մեկ հասցեի կամ հղման միջոցով ընթերցողին ու հետազոտողին ուղղորդել դեպի թվային նյութերը, որոնք հավաքված են հիմնարար գիտական գրադարանի շտեմարաններում, գրադարանի աշխատողների կողմից նկարագրված եւ ցանկագրված են գրադարանագիտության ժամանակակից չափորոշիչներով:
Առայժմ 400 հազար էջ է թվայնացվել Մխիթարյան միաբանության Վիեննայի ավագ մենաստանի գրադարանի հավաքածուից: Թվայնացման աշխատանքը շարունակվում է. առաջիկայում գրադարանը համալրվելու է Մխիթարյան միաբանության հավաքածուներում պահվող օրաթերթերի եւ ամսագրերի թվային օրինակներով:
Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաեւ կայք, որը պատմում է թե՛ գրադարանի, թե՛ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժնի մասին, որն այս նախաձեռնությունից բացի կյանքի է կոչել մշակութային, կրթական, գիտական բազմաթիվ այլ նախագծեր: