Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Կիեւում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական օգնության շրջանակում զինամթերքի խմբաքանակով, այդ թվում՝ տարբեր տրամաչափի 84 տոննա փամփուշտով բեռնված հինգերորդ ինքնաթիռը:
Ռեզնիկովը նշել է, որ առաջիկա օրերին ուկրաինական Զինված ուժերի համար ԱՄՆ բարեկամներից պաշտպանական ամունիցիայի հերթական բեռը կստացվի:
Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ծանր փոխադրական ինքնաթիռները զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու նպատակով մոտ 15 չվերթ են կատարել Ուկրաինա:
Ուկրաինային զենքի մատակարարումներին մասնակցում են նաեւ ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, սակայն նրանցից մի քանիսը փորձում են ձեռնպահ մնալ:
Մասնավորապես, Գերմանիայի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման դեմ, դա բազմիցս ընդգծել են թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, թե՛ արտգործնախարար Աննալենա Բերբոկը: YouGov սոցիոլոգիական ինստիտուտի՝ հունվարի 21-25-ն անցկացրած հետազոտության տվյալներով Գերմանիայի բնակիչների գրեթե 60%-ը հանդես է եկել Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ այդ կերպ սատարելով հարցի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշմանը: