Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ Միացյալ Նահագները Պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, ըստ որի՝ Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ այս տարվա հունվարին եւ հունիսին պետք է Վաշինգտոնից հեռանան:
«Դա արտաքսում չէ: Ռուսաստանի իշխանությունները տեղեկացված են եղել, որ կարող են փոխարինել այն դիվանագետներին, որոնք կլքեն երկիրը՝ այդ պաշտոններում նշանակելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների այլ աշխատակիցների»,- շեշտել են ԱՄՆ դեսպանությունում:
Վաշինգտոնի կարծիքով, ամերիկյան մոտեցումն ավելի մեծ հավասարակշռություն է ապահովում երկու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքում, քանի որ դրանց անձնակազմը նույն հաճախականությամբ փոխվելու է:
ԱՄՆ դեսպանությունում հայտարարել են, որ դա կօգնի դյուրացնելու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի աստիճանական վերականգնումը, ինչն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու համար:
Անցած շաբաթ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, կատարելով Պետդեպարտամենտի հրահանգը, մտադիր է գործելու փոխադարձության սկզբունքով:
Պատժամիջոցների սպառնալիքը ՌԴ-ին չի ստիպի նահանջել
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն իր հերթին հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր չէ հետ քաշվելու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկկողմ հարաբերություններում լարվածության գեներացմամբ։
«Լարվածության գեներատորը ոչ թե Մոսկվան է, այլ Վաշինգտոնը։ Մենք մտադիր չենք հետ քաշվելու՝ ականջ դնելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարությունում:
Դեսպանատանն ընդգծել են, որ հենց ԱՄՆ-ն է խրախուսել Կիեւում արմատական-ազգայնական պետական հեղաշրջումը: Արդյունքում, ըստ Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության, Ղրիմի բնակիչները հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ եւ քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Վաշինգտոնը Կիեւի իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկիի կառավարության ձգտման հետ։