Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունն (NCA) առգրավել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիեւին առնչվող բանկային հաշիվներում պահվող միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումար։ Անցկացված հետաքննությունից հետո բացահայտվել է, որ նշված միջոցները ադրբեջանական «ծագում» ունեն։
Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար, Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիեւի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներին առկա 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգը Ֆինանսական քննիչների որոշմամբ բռնագանձվել է։
Հետաքննության արդյունքում հանձնարարվել է սառեցնել Ջ. Ֆեյզիեւի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիեւային, ինչպես նաեւ նրա երեխաներից մեկին՝ Օրխան Ջավանշիրին, եւ եղբորորդուն՝ Էլման Ջավանշիրին պատկանող վեց հաշիվները։
Սառեցվել է ընդհանուր 15,3 միլիոն ֆունտ ստեռլինգ, որից 5,6 միլիոնը բռնագանձվել է։ Քննիչների կարծիքով նշված դրամական միջոցները լվացվել են Էստոնիայում եւ Լատվիայում կեղծ ընկերությունների բանկային հաշիվների միջոցով:
Թեեւ որոշ փոխանցումներ իրականացվել են օրինական եւ անհրաժեշտ փաստաթղթերով, սակայն Լոնդոնի Վեսթմինսթերի դատարանում երեք շաբաթ տեւած դատավարությունից հետո ի հայտ են եկել անվիճելի ապացույցներ, որ այդ փաստաթղթերն ամբողջությամբ կեղծ են եւ պատրաստվել են փողերի լվացումը թաքցնելու նպատակով։