Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը:
Գումարը Կիեւին կփոխանցվի Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից ծրագրին հավանություն տալուց անմիջապես հետո՝ 600-ական միլիոն եվրո՝ երկու վարկաբաժիններով:
Ըստ Եվրահանձնաժողովի հայտարարության՝ նշված միջոցները կտրամադրվեն երկարաժամկետ վարկերի տեսքով եւ արտոնյալ պայմաններով: Այդ ծրագրի 600 միլիոն եվրոյի երկրորդ վարկաբաժինը Ուկրաինային կտրամադրվի մի շարք հանգուցային ուղղություններով Ուկրաինայի կառավարության գործողությունների արդյունքների գնահատումից հետո:
ԵՄ մակրոֆինանսական օգնության ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների մեծ մասն ուղղորդված է Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունը 2014-ից ի վեր Ուկրաինային է տրամադրել 17 միլիարդ եվրո ռեկորդային ծավալի օգնություն: