Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները ապօրինի են ճանաչվում:
ՄԻԵԴ-ի՝ փետրվարի 1-ին հրապարակված վճռի համաձայն՝ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված եւ դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ որակվել է իբրեւ սահմանադրությանը հակասող:
Եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5000-ական եվրո փոխհատուցում կամ ընդհանուր 200 հազար եվրո վճարել վերոնշյալ 40 պատգամավորներին: Բացի դրանից՝ Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաեւ հայցվորների դատական ծախսերը:
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող սահմանադրական օրենքն ընդունվել էր 2016-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախաձեռնությամբ:
Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել նաեւ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցությունը: Օրենքի փոփոխության հիմնական «շահառուն» քրդամետ ԺԴԿ-ն է, որի տասնյակ պատգամավորներ դրա հետեւանքով զրկվել են անձեռնմխելիությունից, ձերբակալվել ու կալանավորվել: