Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի՝ կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Ղիբրաձեն հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները չեղարկում են հանրային վայրեր այցելելու համար անհրաժեշտ «ՔՈՎԻԴ-անձնագրերի» համակարգը: Ըստ նրա՝ որոշումը պայմանավորված է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածմամբ, վիրուսի թույլ ընթացքով, ինչպես նաեւ համաշխարհային պրակտիկայով։
Ղիբրաձեն նշել է, որ երկրի ներսում պարտադիր չլինելով հանդերձ արտերկիր մեկնելիս «կանաչ անձնագրերը» դեռեւս անհրաժեշտ կլինեն: Հակառակ վարակակիրների աճող թվերին՝ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում լիովին կառավարելի է: Հիվանդանոցային հատվածի վրա ճնշումն էապես չի ավելանում, քանի որ հիվանդների մեծ մասը բուժվում է տնային պայմաններում, եւ նրանց առողջական վիճակը վերահսկում են ընտանեկան բժիշկները։
Ամենօրյա թեստավորումը՝ վարակից պաշտպանվելու լավագույն միջոց
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդությունից պատվաստումը թեեւ որոշ չափով պաշտպանում է, սակայն վարակից պաշտպանվելու լավագույն միջոցը ամենօրյա ՊՇՌ կամ արագ թեստով թեստավորումն է, ինչը գործնականում անհնար է։
Նա նշել է, որ այդ գործոնները հաշվի առնելով է որոշվել վերացնել կանաչ անձնագրերի պարտադիր լինելը։ Ըստ Գաբունիայի՝ կանաչ անձնագիրը թուլացրել էր վարակի տարածումը, սակայն այս պահին դա այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէր։
Բնակչության 80 տոկոսից ավելին իմունիտետ ունի
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ Վրաստանում բնակչության ավելի քան 80 տոկոսն օժտված է իմունիտետով։ «Վերջնական հետազոտություններ դեռեւս չունենք, բայց մեր ունեցած մոտավոր տվյալներով՝ իմունային շերտն այսօր 80%-ից բարձր է»,- ընդգծել է Գամկղրելիձեն։
«Օմիկրոնի» երկու տարբերակներն էլ հայտնաբերվել են
Գամկղրելիձեն հավելել է, որ Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» մանրէահիմքի երկու (BA1, BA2) տարբերակները։ Գամկղրելիձեն նշել է, որ լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1754-ն են։
Ըստ նրա՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթեւ է լինում, եւ հիվանդանոցային հատվածը դեռեւս չի ծանրաբեռնվել։ Վրաստանում «Օմիկրոն» մանրէահիմքից մահացության երեք դեպք է գրանցվել: