ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին զրուցել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել:
Հրատապ լուծում պահանջող մարդասիրական խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:
Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Արարատ Միրզոյանը եւ Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին: