ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպմանը մասնակցել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, որոնց թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության հարցը: Ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարեւոր դերը Հայաստանի տնտեսության համար: Քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարներին: