Ֆրանսիայում փետրվարի 2-ից դիմակ դնելու պարտադրանքը չեղարկվել է բաց երկնքի տակ, հանրային վայրերում, կրթական հաստատություններում եւ շուկաներում: Մասնավոր ընկերություններում եւ պետական հիմնարկ-ձեռնարկություններում հեռավար աշխատանքի պարտադրանքը եւս չեղարկվել է:
Այցելուների թվի սահմանափակումն արդեն չի գործում մշակութային եւ մարզական հաստատություններում: Փետրվարի 16-ից կսկսեն աշխատել նաեւ պարասրահներն ու դիսկոտեկները:
Փետրվարի 1-ի դրությամբ Ֆրանսիայում լիովին պատվաստվել է շուրջ 52 միլիոն մարդ, ավելի քան 35 միլիոնը պատվաստվել է երրորդ խթանիչ պատվաստանյութով: Համավարակի ընթացքում Ֆրանսիայում ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է մոտ 19,5 միլիոն մարդ, կորոնավիրուսն այստեղ խլել է մոտ 130 հազար մարդու կյանք:
Նախօրեին Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները։ Դանիայի իշխանությունները չեն նախատեսում վերադառնալ սահմանափակումներին, սակայն զգուշավոր լավատեսություն են դրսեւորում։
ԱՀԿ-ն հորդորում է շտապել դանդաղ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի երկրներին հորդորել է համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները մեղմացնել աստիճանաբար:
ԱՀԿ-ում ընդգծել են, որ արգելքների վերացումն ու սահմանափակումների մեղմացումը պետք է տեղի ունենան զուսպ եւ աստիճանական եղանակով, քանի որ թարմ տվյալներով՝ աշխարհում վերջին ժամանակաշրջանում շեշտակի ավելացել է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ այս վիրուսը շատ վտանգավոր է եւ մարդկության աչքի առաջ շարունակում է զարգանալ: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն հետեւում եւ վերլուծում է «Օմիկրոն» ենթատեսակի՝ մտահոգություն հարուցող չորս տարբերակների, այդ թվում՝ B.A.2-ի զարգացման ընթացքը:
Կառույցի մասնագետների համոզմամբ, շատ երկրներում «օմիկրոնի» տարածումը դեռ գագաթնակետին չի հասել, հետեւաբար սահմանափակումների մեղմացումը պետք է իրագործել դանդաղ եւ քայլ առ քայլ: