«Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները»։
«Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձեւը»։
«Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա եւ միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարեւանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք եւ ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, եւ դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի»։
Սրանք մեջբերումներ են պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի (1922-1995) «Երրորդ ուժի բացառման օրենքը» հայտնի հոդվածից (1989), որը կարդալը եւ եզրահանգումներ անելը խրախուսվում է։
Հետաքրքիր պատկեր կստացվի, եթե մեկը փորձի պարզել, թե որքան է «թուրքն իմ թշնամին է» կարգախոսով ֆեյսբուքյան պրոֆայլ ունեցող օգտատերերի քանակը։ Էլ ավելի հետաքրքիր կլինի պատկերը, եթե հայկական միջավայրում թուրքերի թշնամի լինելու վերաբերյալ հարցումներ անցկացվեն։ Հստակ թիվ նշել, իհարկե, դժվար է, բայց, անկասկած, այն մեծ է լինելու։ Մեզանում սա իշխող տրամադրություն է։ Այսպես եղել է 19-րդ դարում, 20-ում, այդպես է այսօր: Խորհրդային շրջանում սա խրախուսվում էր։ Համոզվելու համար բավական է թերթել այդ տարիների, հատկապես հետստալինյան շրջանի գրականությունը։ Ըստ էության, մեր հայրենասիրությունը եւ հակաթրքությունը ուղիղ համեմատական են։
Իսկ ի՞նչ ենք շահում մենք, երբ հայտարարում ենք, թե թուրքը մեր թշնամին է։ Ի՞նչ վնաս է հասցնում թուրքին մեր այդ հայտարարությունը։ Ո՞ւր է տարել մեզ այդ թշնամությունը։ Ո՞ւր է տանելու դեռ։ Ի՞նչ է տվել այն թուրքին եւ ի՞նչ՝ մեզ։
20-րդ դարասկզբին չհաջողեցինք, որովհետեւ առաջնորդվում էինք այս նույն՝ «թուրքը մեր թշնամին է» կարգախոսով։ Սպասում էինք, որ Եվրոպան մեր թշնամի թուրքին ծնկի կբերի։ Իսկ երբ ծնկել էր, ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվել չկարողացանք՝ գնացինք պատրանքների հետեւից, ապա Եվրոպան, իր խնդիրը լուծված համարելով, հեռացավ, ու թուրքը մեզ ծնկի բերեց՝ գրավեց մեր երկրի ուղիղ կեսն ու մեզ 1920-ի դեկտեմբերին Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր պարտադրեց։
Վերջին պատերազմը, որի հիմքում «թուրքն իմ թշնամին է, ոչ մի զրույց թշնամու հետ ու ոչ մի զիջում» կարգախոսն էր, կրկին մեզ պարտություն բերեց։
Ճանապարհը, որով գնում ենք, մեզ անընդհատ պարտությունների է տանում, իսկ մենք կանգ առնելու, պատճառների մեջ խորանալու անհրաժեշտությունը չենք էլ տեսնում։ Հին պատկերացումներով հին ճանապարհն ենք շարունակում։ Հարեւանի հետ հարաբերությունները թշնամությամբ ենք պատճառաբանում։ Անցյալով ենք պայմանավորում այսօրվա խնդիրների լուծումը։ Անցյալում ենք ապրում։ Իսկ նրանք Բայրաքթար են սարքում, ՆԱՏՕ-ի անդամ են, հզոր բանակ ունեն։ Մենք նրանց թշնամի ենք համարում, նրանք հզորանում ու ներգրավվում են աշխարհի ճակատագիրը որոշող երկրների ցանկում։ Տեղավորվում են այնպիսի համակարգերում, որոնց մենք ժամանակավրեպ լինելու պատճառով մոտենալ անգամ չենք կարող։
Պարտվածի բնազդն է խոսում մեր մեջ, երբ հայտարարում ենք, թե թուրքը մեր մշտական թշնամին է։ Պարտվածի բարդույթն է մեզ առաջնորդում։ Այն մեր էության մաս ենք դարձրել ու հրաժարվել չենք ցանկանում։ Այդպես հեշտ է։ Հեշտ է, երբ մեր ձախորդությունների ու անհաջողությունների պատճառները մեր մեջ փնտրելու փոխարեն փնտրում ու հեշտությամբ գտնում ենք թշնամի հայտարարված հարեւանի մեջ։ Մեր սխալները չենք տեսնում։ Նրանց ենք մեղադրում ու պարտությունից պարտություն ենք գնում։
Այսօր արդեն այն սահմանին ենք, երբ ավելին կորցնել կնշանակի ամբողջի կորուստ։ Որքան էլ դժվար լինի, պետք է սթափվել։ Պետք է վերագնահատել սեփական պատկերացումներն ու մոտեցումները։ Պետք է ազատվել պատրանքներից ու կաղապարներից։ Իրականություն է պետք վերադառնալ։ Ցավոտ վճիռներ կայացնելուն պետք է լինել ե՛ւ պատրաստ, ե՛ւ ունակ։ Վերջապես պետք է կարողանալ տեղավորվել ժամանակակից աշխարհում, լինել համահունչ ժամանակին, հասկանալ միջավայրն ու խնդիրների լուծման նոր բանաձեւեր գտնել։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։