Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, ո՛չ միամիտ էր, ո՛չ էլ արկածախնդիր, երբ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տալով՝ իշխանությունը փոխանցում էր ընդդիմախոսներին։
«Քաղաքական» բառը հատո՛ւկ չեմ գործածում, քանզի այդ ընդդիմախոսությունը հիմնվում էր ոչ թե հաշվարկի, այլ ռոմանտիզմի վրա։
Ընդդիմախոսներից ում-ում, բայց Վազգեն Սարգսյանին առաջին նախագահը շատ լավ էր ճանաչում եւ գիտեր, որ նրա ռոմանտիզմն անցողիկ է, ես կասեի՝ էքսպերիմենտալ։
1998-ի ամռանը Ստեփանակերտի հասարակության հետ ունեցած մի հանդիպման ժամանակ Վազգենն ինքն էր խոստովանել, որ Տեր-Պետրոսյանն իրենց փորձելու հնարավորություն է տվել։
Կփորձենք։ Ստացվեց՝ լավ, չստացվեց՝ կվերադառնանք 1997-ի տարբերակին։ Ուրիշ հարց՝ տարբերակը տեղում կլինի՞, կամ եթե տեղում լինի, Ադրբեջանը կհամաձայնի՞։ Որովհետեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը 1998-ի հոկտեմբերի 29-ին Անկարայում նախագահներ Դեմիրելի, Շեւարդնաձեի հետ` ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնի քավորությամբ, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի հռչակագիրն էր ստորագրել։
Բայց սա այն դեպքը չէր, որ բոլոր հնարավորությունները կորսված համարվեին։ Տեր-Պետրոսյանը թողել էր բովանդակալի ստատուս քվո, որն, անկախ ամեն տեսակի տնտեսական գործոններից, դեռ խոսելու եւ գործելու հնարավորություն էր տալու։
Այս հույսը սնուցող երակը կտրվեց ոչ թե 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ Վազգեն Սարգսյանի սպանությամբ, այլ 2001-ին, երբ Քի Ուեսթից առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց սղել Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը բանակցություններին։
Հրաժարականի պահին Տեր-Պետրոսյանն ընդամենը 54 տարեկան էր՝ պետական-քաղաքական գործչի աշխույժ տարիք, եւ գիտեր, որ վաղ թե ուշ վերադառնալով՝ կարողանալու է կյանքի կոչել իր պատկերացումները։
Անկախ նրանից, որ Ղարաբաղի՝ դիվանագիտական հնարք ու ջանքով ձեռք բերված մասնակցությունն անդարձ սղված էր, նա անելիք տեսնում էր, եւ եթե պետք լիներ բանակցությունների սեղան հետ բերել Ղարաբաղը, դա կաներ առանց ավելորդ հույզերի, սառը հաշվարկով եւ համբերատար կեցվածքով։
2007-ին Տեր-Պետրոսյանի վերադարձի գլխավոր շարժառիթը Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումն էր։
Մի պահ պատկերացրեք, որ Մարտի 1-ի առավոտվա ջարդը չի եղել։ Հրապարակն՝ իր օր օրի սաստկացող պայքարով, հասել է առնվազն ընտրությունների երկրորդ փուլի անցկացման։ Հիմա հա՛րց տվեք՝ երկրորդ փուլում ո՞վ կընտրվեր նախագահ։
Ճի՛շտ է։
Իսկ եթե Տեր-Պետրոսյանը դառնար նախագահ, առաջին բանը որ անելու էր, խաղաղության ընդհատված գործընթացը վերսկսելն էր լինելու։
Ո՞վ էր այս անգամ նրան խանգարելու։ Պաշտոնական Ստեփանակե՞րտը։ Ստեփանակերտը՝ Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով, արդեն պաշտոնական չէր։
Ռազմական վերնախա՞վը։ Տարբեր աստիճանների գեներալները Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով արդեն ընկղմվել էին կոռուպցիայի եւ կոնֆորմիզմի ճահճի մեջ։
Մտավորականությո՞ւնը։ Նրանց բերանը հեշտ կփակվեր՝ խելամիտ ու բանական հակափաստարկներ պահանջելով։ Հակափաստարկներ, որպիսիք նրանք չեն ունեցել ո՛չ մինչեւ 1998-ը, ո՛չ մինչեւ 2008-ը, ո՛չ էլ դրանից հետո էին ունենալու։
Ռոբերտ Քոչարյանը դժբախտ մարդ էր։ Իր կարծիքով ինքը 98-ի ընդդիմախոսությունը «փայլուն կերպով» իրագործել էր, բայց կամա թե ակամա ական էր դրել հայրենի Ղարաբաղի տակ։
(Բա որ հանկարծ Սերժ Սարգսյանն այդչափ անպատասխանատու չլիներ ու որոշեր գնալ խաղաղ կարգավորման, ո՞վ էր լինելու անվանական կամ հավաքական Արկադի Ղուկասյանը)։
Ռոբերտ Քոչարյանը կրակեց, որ փրկի իր ընդդիմախոսությունը։ Հաջորդ իշխանությունը պետք է լիներ խոցելի եւ, դրանով հանդերձ, զուրկ էական որեւէ քայլ անելու կամքից։ Ռոբերտ Քոչարյանը կրակեց՝ քաջ գիտակցելով, որ ինքնասպան է լինում։ Եվ միայն «դուխով» մի մեսիա կարող էր գալ ու նրան մեռելներից (քաղաքական) հարություն տալ՝ ցավոք հազարավոր երիտասարդների կյանքի գնով։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։