Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի երիտասարդ ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի ղեկավար խորհրդի հանդիպմանը՝ անդրադառնալով թուրքական իշխանությունների տնտեսական քաղաքականությանը, հայտնում է թուրքական «Sabah» օրաթերթը։
Խոսելով Թուրքիայի տնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ Էրդողանը նշել է․«Երազանք չունեցողը նպատակներ էլ չի ունենա։ Իսկ նպատակներ չունեցողը գործողությունների պլան չի ունենա։ 20 տարի շարունակ մեր երազանքները նախ վերածել ենք նպատակների, ապա՝ իրականության։ Մեր քաղաքացիների կյանքին առնչվող բոլոր ոլորտներում նոր դարաշրջան ենք մուտք գործել։ Հանրապետության պատմության ողջ ընթացքում արվածից 5-10 անգամ ավելի մեծ ներդրումների միջոցով ենթակառուցվածք ենք ստեղծել։ Մեր ստեղծած ենթակառուցվածքի վրա կառուցելու ենք մի պետություն՝ ամբողջովին իր ուրույն մոդելով, իր դինամիկայով, իր ծրագրերով, որը շուտով կդառնա աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունեցող 10 երկրներից մեկը։ Երբ 2011-ին ներկայացնում էի 2023-ի նպատակները, ոմանք ինձ մեղադրում էին երազկոտության մեջ։ Արդեն 2023-ի շեմին ենք, միասին ենք տեսնում, թե ինչպես է Թուրքիան դառնում աշխարհի խոշոր արդյունաբերող ու արտահանող կենտրոններից մեկը»։
«Եթե համալսարանների թիվը 76-ից 207-ի չհասցնեինք, այսօր այս կետում չէինք լինի։ Եթե առողջապահական համակարգը չվերափոխեինք ու չդարձնեինք աշխարհում գործող ամենալավ առողջապահական համակարգերից մեկը, քաղաքային հիվանդանոցները չվերազինեինք լավագույն սարքավորումներով, աշխատողների թիվը չհասցնեինք 1.240.000-ի, այօր այս կետում չէինք գտնվի»,- նշել է Էրդողանը։
«Երբ ասում ենք, որ Թուրքիան դառնալու է աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունեցող 10 երկրներից մեկը, պարզապես դատարկ խոսքեր չենք ասում։ Ո՛չ, մենք նախ մեր նպատակներն իրականություն ենք դարձնում, ստեղծում ենթակառուցվածքներ, հետո հայտարարում ենք մեր առաջիկա նպատակները։ Մենք կանգ չենք առնում, աշխատում ենք։ Շուտով արդեն կլինի միջուկային էներգիայի արտադրության երկրորդ կայանը։ Մենք շատ գործեր ունենք։ Ձեր կյանքում միայն մոմ կար, մոմ, գազով լամպերը կային։ Իսկ մենք այդ իրավիճակը վերափոխեցինք ու հասցրինք այս կետին։ Արեւային էներգիայի կայաններ, հողմակայաններ, այո՛, այդ ամենը մենք ենք կառուցել։ Այն, ինչ դուք անգամ երազել չէիք կարող, մենք իրականություն ենք դարձրել»,- ելույթի ավարտին, ըստ «Sabah» օրաթերթի, ասել է Թուրքիայի նախագահը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը