The «Washington Times Daily» պարբերականում Բալթիմորի համալսարանի հանրային եւ միջազգային կապերի դպրոցի գործադիր տնօրեն Իվան Սասքա Շիհանն անդրադարձել է Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը՝ «Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ»:
«Փոխանակ իր առաջնային դերն օգտագործելու հօգուտ Եվրոպայի, պարոն Մակրոնը ցանկանում է ներգրավել ԵՄ մյուս 26 անդամներին` Բրյուսելի բողոքող ու ճչացող զառամյալ բյուրոկրատներով, եւ որպես ուղեբեռ տանել ռուսների հետ առանձին հանդիպման` առանց ամերիկացիների կամ բրիտանացիների ներկայության: Եվ դեռ պարզ չէ՝ ինչի շուրջ են բանակցելու»,-գրում է հոդվածի հեղինակը։
Խոսելով 2020 թվականին Կովկասում բռնկված մեծ պատերազմի մասին՝ Շիհանը Մակրոնի Ֆրանսիային մեղադրում է հանցավոր անտարբերության համար։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու առաջադրանք ունենալով՝ ֆրանսիացիները շատ դեպքերում բացակա էին: 2020-ի Կովկասյան երկու հարեւանների միջեւ պատերազմից հետո մյուս երկու համանախագահները՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, Մոսկվայում եւ Վաշինգտոնում անցկացվող իրենց իսկ նախաձեռնություններով նպաստեցին հրադադարի եւ խաղաղության հաստատմանը: Իսկ Ֆրանսիա՞ն: Ոչինչ: Փոխարենը, այդ խնդիրը դրվեց ԵՄ-ի առջեւ, որը թեեւ սեղանի շուրջը չունենալով իր մանդատը, դեկտեմբերին կազմակերպեց խաղաղ բանակցություններ Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ»:
«Եվրոպան Ֆրանսիայի կարիքն ունի, ոչ թե հակառակը: Բայց այս պահին Ֆրանսիան անհարգելի բացակա է: Ամերիկան եւ ՆԱՏՕ-ն Ֆրանսիայի կարիքն ունեն: Պատրա՞ստ է այն արդյոք:
Պարզ է մի բան, որ այնպիսի ընկերոջ հետ, ինչպիսին է այսօրվա Ֆրանսիան, թշնամու կարիք այլեւս չի զգացվի»,- եզրափակում է Իվան Սասքա Շիհանը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը