Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Կողմերը կարծիքներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի ու ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն անպատրաստ է համարժեք արձագանքելու Ռուսաստանի հիմնավորված մտահոգություններին։ ՌԴ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Կիեւը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները։
Կողմերը քննարկել են նաեւ ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատեւ իրավական ապահովման հարցը:
Ըստ բրիտանական BBC-ի՝ երեքշաբթի Կիեւ ժամանած Բորիս Ջոնսոնը Մոսկվային զգուշացրել էր, որ այն պահին, երբ ռուսական զինվորը ոտք դնի ուկրաինական հողին, Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակից երկրները պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետը կարեւորել է, որ Կրեմլը հեռանա այն վտանգավոր գծից, որից անդին աշխարհին եւ Ռուսաստանին սպառնացող ռազմական աղետն անխուսափելի է:
Պուտին-Ջոնսոն նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել 2021-ի վերջին` դեկտեմբերի 13-ին։ Պուտինը Ջոնսոնին ասել էր՝ անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել ու հստակ պայմանավորվածություններ մշակել, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արեւելք: