Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ բնապահպան Կարինե Դանիելյանը հայտնել է, որ Սեւանա լճի մակարդակի նվազման հիմնական պատճառը անխնա ջրառն է: Նա կարեւորել է իշխանությունների վերաբերմունքը ջրառին, քանի որ անխնա օգտագործումը կործանարար հետեւանքներ կունենա։
Բնապահպանը նշել է, որ Սեւանի մակարդակի բարձրացումը անչափ կարեւոր է: Նա ահազանգել է, որ Սեւանի մակարդակի 14 սանտիմետրով նվազումը ոչ միայն վնասում է լճի էկոհամակարգը, փչացնում ջրի որակը, այլեւ բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի, ավազանին հարող տարածքների վրա:
Ըստ Դանիելյանի՝ նվազման ցուցանիշի համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ վկայում է, որ իրավիճակը լուրջ է։ Բնապահպանն ասել է, որ անհրաժեշտ է պարբերաբար մաքրել դեպի Սեւանա լիճ թափվող ջրերը, հակառակ դեպքում լիճը կկորցնենք:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով՝ Սեւանա լճի մակարդակը 2022-ի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է եւ այժմ ծովի մակերեւույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն իջել է 14 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սեւան ջրատարով (ներառյալ ստորերկրյա հոսքը) Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 525 հազար խմ ջուր։
Դոնոր ջրամբարների կառուցման հրատապությունը
2021-ի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Սեւանա լճի մակարդակի նվազման միտումը նորմալ է համարել եւ դա պայմանավորել վերջին 5-6 տարիներին ջերմաստիճանի բարձրացմամբ եւ տեղումների կրճատմամբ: Նա նշել էր, որ լիճը սնուցող 28 գետերի եւ գետակների ջրատվությունը նվազել է մոտ 90 միլիարդ խորանարդ մետրով, գոլորշիացումն ավելացել է մոտ 100 միլիոն խորանարդ մետրով։ Ջավադյանը բացասական բալանսը վերականգնելու համար կառավարությանն առաջարկել էր եւս 3-4 դոնոր ջրամբար կառուցել, ինչը ջրամբարաշինության վերջին տարիների ծրագրի մաս էր: