ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ դրական ազդակ է որակել Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը:
Դեսպանությունը նաեւ նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային: Հաղորդագրության մեջ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունն ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։
Դեսպանությունը պնդել է, որ Ուկրաինայի իշխանություններին պետք է ստիպել կատարել իրենց պարտավորությունները։ Կիեւի հետ աշխատանքում ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Վաշինգտոնից հստակ գործողություններ է ակնկալում: Մինչդեռ ամերիկյան զենքի մատակարարումները Կիեւին խնդրի ռազմական լուծման են դրդում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հորդորել էր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Գերմանիային բազմիցս կոչ է արել ստիպելու Կիեւին կատարել Մինսկի երկրորդ համաձայնագիրը։
Մինսկի երկրորդ համաձայնագիր. Մինսկի համաձայնությունների կատարման համալիր փաստաթուղթ, որի նպատակը Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության կարգավորումն է։ Համաձայնեցվել է 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում անցկացված գագաթնաժողովում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ «նորմանդական քառյակ» անունը կրող ձեւաչափով։