«ՄԱԿ-ի քաղաքային բարգավաճման ցուցիչի» համաձայն` Մոսկվան ամենազարգացած 29 մեգապոլիսների շարքում լավագույնն է ճանաչվել 2 անվանակարգերում։ ՄԱԿ-ի UN Habitat–ի եւ CentroEure հետազոտական փորձագետները վերլուծել են աշխարհի 50 խոշորագույն քաղաքների ցուցանիշները։
Լավագույն 29 մեգապոլիսները
Վերջնական ուսումնասիրությանը մասնակցել են լավագույն 29 մեգապոլիսները` Բանգկոկը, Բոգոտան, Բուենոս Այրեսը, Հոնկոնգը, Դար էս Սալամը, Դելին, Ջակարտան, Լագոսը, Լիման, Լոնդոնը, Մադրիդը, Մեխիկոն, Մոսկվան, Նայրոբին, Նյու Յորքը, Օսական, Փարիզը, Պեկինը, Սանտյագոն, Սան Պաուլուն, Սեուլը, Սիդնեյը, Սինգապուրը, Տոկիոն, Տորոնտոն, Հոշիմինը, Շանհայը, Ուհանը եւ Էր Ռիադը:
«Ցուցիչի» համալիր արդյունքներով` Ռուսաստանի մայրաքաղաքը Սինգապուրի եւ Տորոնտոյի հետ ներառվել է լավագույն եռյակում։ Լավագույն տասնյակում են նաեւ Սիդնեյը, Լոնդոնը, Փարիզը, Մադրիդը, Շանհայը, Հոնկոնգն ու Նյու Յորքը։
«Քաղաքային բարգավաճման ցուցիչը» համալիր գործիք է, որով գնահատում եւ վերլուծում են աշխարհի տարբեր քաղաքների բարգավաճման մակարդակը։ Նախագիծը մշակել է ՄԱԿ-ի` 1978-ից մեկնարկած բնակավայրերի գծով UN Habitat ծրագիրը՝ նպատակ ունենալով համակարգելու քաղաքային կայուն զարգացմանն ուղղված գործողությունները։
«Կյանքի որակ»
Այս անվանակարգում գնահատվում է առողջապահության, կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների, մշակույթի ու ժամանցի, անվտանգության, ինչպես նաեւ հասարակական տարածքների զարգացման մակարդակը: Այս անվանակարգի լավագույն եռյակի առաջին հորիզոնականում Մոսկվան է, երկրորդում` Սինգապուրը, երրորդում` Հոնկոնգը։
«Ենթակառուցվածքային զարգացում»
Այս անվանակարգում Մոսկվան դարձյալ առաջին տեղն է զբաղեցրել, երկրորդ տեղը` Հոնկոնգը, երրորդը` Փարիզը։
Այստեղ գնահատվում են բնակարանային ենթակառուցվածքները, սոցիալական, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները, տրանսպորտային ենթակառուցվածքը, քաղաքային շարժունակության մակարդակը, միջազգային տրանսպորտային հոսքերում ներգրավվածությունը, ինչպես նաեւ քաղաքային տարածքի օգտագործման արդյունավետությունը։
«Կառավարում եւ օրենսդրություն»
Այս անվանակարգում Մոսկվան ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենաբարգավաճող մեգապոլիսների լավագույն տասնյակում։ Այստեղ գնահատվում է քաղաքական կյանքում բնակչության մասնակցության մակարդակը, բիզնես սկսելու պայմանները, քաղաքի տարածքային զարգացման կառավարումը եւ էլեկտրոնային կառավարության ծառայությունների զարգացման մակարդակը։