Թուրքական «Milliyet» օրաթերթը անդրադարձել է Երեւան-Ստամբուլ վերականգնված չվերթերին՝ նշելով, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս մի կարեւոր քայլ է արվել։
Երկու տարվա դադարից հետո վերականգնվեցին Երեւան-Ստամբուլ թռիչքները, որոնք իրականացնելու են հայկական Fly One եւ թուրքական Pegasus ավիաընկերությունները։ Fly One ավիաընկերության ինքնաթիռը փետրվարի 2-ին՝ 19:50-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայան տեղափոխեց 64 ուղեւորների։ Սրան հաջորդեց նույն երեկոյան՝ 23:50-ին, Pegasus» ընկերությանը պատկանող ինքնաթիռի թռիչքը դեպի Երեւան, որը 2 ժամում Երեւան հասցրեց 99 ուղեւորի, նշվում է հոդվածում։
Որպես նախապատմություն՝ պարբերականը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ 2020 թվականին Ադրբեջանը ազատագրեց Ղարաբաղը Հայաստանի օկուպացիայից, Թուրքիան Հայաստանին կոչ արեց սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթաց։
Հայաստանի իշխանությունները դրական արձագանքեցին այս կոչին, եւ երկու երկրներում նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մինչ Թուրքիան այս գործով հատուկ ներկայացուցիչ ընտրեց Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, Երեւանը Հայաստանի հատուկ ներկայացուցիչ առաջադրեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Ներկայացուցիչները հունվարի 14-ին հանդիպում ունեցան Մոսկվայում։ Սա Թուրքիայի ու Հայաստանի միջեւ 13 տարի անց իրականացված առաջին հանդիպումն էր, որի ընթացքում նրանք փոխանակվեցին կարգավորման գործընթացի իրենց պատկերացումներով, նշում է «Milliyet»-ը:
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը