Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե հարեւան Թուրքիայից ներկրվող թուրքական բանջարեղենը եւ Հայաստանում թանկացող գազը միմյանց հետ կապ չունեն։
Հայաստանի՝ պաշտոնապես շուրջ 380 հազար գյուղատնտեսների համար ուղիղ կապ ունեն: Երկու դեպքում էլ (կա՛մ գազն է թանկանում, կա՛մ սեզոնին շուկա է լցվում թուրքական լոլիկը) մեկ տարվա չարչարանքից իրենց եկամուտ է մնալու․․․ չարչարանքը։
Այս տարի կարծես թե երկու աղետն էլ միաժամանակ են գալու՝ իրենց հետ բերելով նաեւ մանր-մունր դժվարություններ՝ եռակի թանկացող պարարտանյութ, բուժանյութեր եւ այլն։
Գարնանը բնական գազը թանկանալու է․ լուրը տարընթերցումներ չունի։ «Չի թանկանալու անապահովների համար», այսինքն՝ եթե գազով միայն ճաշ ես եփում։ Իսկ եթե «Փարոս» ստացող գյուղական ընտանիքը նաեւ փոքր ջերմոց ունի՝ 300-400 քառակուսի մետր, գազի սպառման ծավալով հայտնվելու է ապահովների ցանկում։
Գյուղացիները վաղուց «դավթար» են պահում, որում խոշոր թվերով գրում են իրենց ծախսածը, եկամուտը, հատ-հատ, տարիներ շարունակ։
Արարատի մարզի Դարակերտ համայնքը ջերմոցների գյուղի համարում ունի, Մհեր Եփրեմյանը՝ հմուտ ջերմոցատիրոջ, եւ սիրով բացում է իր մատյանը․ «Ամեն տարի նույնն է, վառում ենք 3 միլիոնի գազ։ Որ թանկացավ, չի կարող գնի վրա չազդել։ Հունվարից մինչեւ մարտ վառում էինք, 1000 դրամով հանում շուկա, մինչեւ կիլոն 200 դառնա։ Նախկինոմ 1-2 միլիոն մնում էր, դիմանում էինք մինչեւ գարուն։ Անցած տարի էժան էր գինը, գազ, կալիումի նիտրատ, սրսկում, տրակտոր, դեղեր. տակը բան չմնաց։ Եթե գազը թանկանա, թուրքական պոմիդորն էլ լցվի շուկա, ժողովրդի վիճակն էլ տեսնում ենք, էլի, մեկը մենք, ոնց պիտի լինի, մտքերի մեջ եմ, չնայած արդեն սածիլը դրել եմ»։
Պաշտոնական տվյալներով, մեր երկրում վարելահողերի 50 տոկոսը չի մշակվում, թեեւ գազի խնդիր չկա։ Չի մշակում նաեւ Մհեր Եփրեմյանը։ «Բաց հողն ընդհանրապես անիմաստ է դարձել մշակելը, նախանցած տարի հազար մետրի վրա ծաղկակաղամբ արեցի, 170 հազար դրամ ծախսեցի: 70 հազարի բերք եմ ծախել, 100 հազար տակ տվեցի։ Հա, անցած տարի թանկ էր, բայց արդեն հիասթափվել էի․ ջահել տղուս չէի կարող համոզել, որ նույն անարդյունք չարչարանքը կրկնի։ Գյուղացու ապրանքը զրո է, ոչ թե թանկ, քաղաքացին գա, մի օրից ավել չի աշխատի։ Մի քանի տարի առաջ մեկը քաղաքից եկել էր, 50 դրամով վարունգ էր ուզում։ Ասեցի՝ դու մտի հավաքի, ես քեզնից 70 դրամով առնեմ, ասեց՝ հո գիժ չեմ։ Հատկապես ջերմոցի գործը ծանր է, բանվորին 5 հազար ես տալիս օրը, տաքսիով տանում-բերում, քանի որ ամառները առավոտը 5-ից են աշխատում։ Բանվոր չկա, բանվոր ենք ման գալիս, սովորեցնենք, տեսնենք՝ կդիմանա, թե չէ»:
Կա օլիգարխ, կա աղքատ, միջին խավ չկա
Ղուկասավանցի Վաղինակը (չկամեցավ ազգանունով ներկայանալ) խոշոր ջերմոցատեր է, սակայն նրան հուսահատեցնում է թուրքական լոլիկի ներմուծումը․ «Կարանք ջերմոցները ծախենք, եթե թուրքական լոլիկը մտավ շուկա։ Տարիներ առաջ ես էլ եմ գնացել մասնակցել ցույցերի, որ Թուրքիայից չբերեն։ Տարեկան 14 միլիոնի գազ եմ վառում, անցած տարի ոչ մի օգուտ չի մնացել, հիմնականում բանկերից ենք վարկ վերցնում գազի համար, թանկանա՝ ի՞նչ պիտի անենք։ Լումաներ է տակը մնում, 24 միլիոն բանկերին պարտք եմ։ 3 աշխատող ունենք, հիմա մեկին եմ պահում, ընտանիքով ենք կոտորվում, որ հասցնենք։ Երիտասարդ ես, ինչի՞ էս օրն ընկնես, մեր էշությունն է մնում։ Շուկան լիություն է: Ո՛ր օրը թուրքական լոլիկը մտավ, գինը 300 դրամ իջնում է։ Գնորդ չկա, մարդիկ փող չունեն, կա՛մ օլիգարխ են, կա՛մ աղքատ, միջին խավ չկա։ 5000 մետր ջերմոց ունեմ, բայց օրվա հաց ստեղծող եմ։ Ամեն ինչ հունվարից թանկացավ՝ ֆոսֆորական, կալիումական, կոմբինացված պարարտանյութերը»։
Այս կարգի բողոքներից հետո էլ Արարատյան դաշտավայրի գյուղացիները հույսեր են փայփայում․ «Այսօր այդքան չեն անտեսի գյուղացուն, մի ձեւ կմտածեն»։
Գայանե Մկրտչյան