Երբ Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից, Մոսկվան համոզված էր, որ դա Արեւմուտքի կազմակերպածն էր, որպեսզի Ուկրաինային օտարեն իր բնական գործընկերներից եւ մեկուսացնեն Ռուսաստանին: Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ է հիմա Ռուսաստանը ցանկանում ներխուժել Ուկրաինա:
Ազգայնական ռուսները, վկայակոչելով ընդհանուր պատմությունը, Ուկրաինային ընկալել են ավելի շատ որպես Ռուսաստանի գաղութ, քան որպես «եղբայրական պետություն»:
Բայց Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինային պարզապես ենթարկեցնելու, այն ձգտում է քանդել հետսառըպատերազմյան եվրոպական անվտանգության կառուցվածքը, որը հիմնված է ատլանտիզմի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի վրա։ Նա ցանկանում է ասել, որ Եվրոպայում անվտանգության ցանկացած նոր պայմանավորվածություն կարող է լինել միայն Մոսկվայի համաձայնությամբ:
Ուկրաինան դարձել է թե՛ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության օբյեկտ եւ թե՛ ավելի լայն ձգտումների միջոց: Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի նպատակները հիմնականում անփոփոխ են մնացել Կիեւում 2013-2014-ին տեղի ունեցած Եվրոմայդանի Հեղափոխությունից հետո: Այդ շարժումը բռնկվել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ԵՄ-ի հետ տնտեսական ասոցացման համաձայնագիրը ստորագրելու խոստումը չկատարելու պատճառով:
Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումը եւ Դոնբաս ներխուժումը Ուկրաինայի արտաքին քաղաքականության նկատմամբ դե ֆակտո վերահսկողություն հաստատելու եւ նրան իր գիրկը վերադարձնելու փորձեր էին: Մոսկվայի տեսանկյունից այս քաղաքականությունը հանգեցրել է ռազմավարական ձախողման, թեեւ երկրի ներսում բարձրացել էր Պուտինի ժողովրդականությունը:
Դոնբասի գրավյալ շրջանները տնտեսապես կախված են Ռուսաստանից, այնտեղ իշխում են մաֆիոզ կլաններից ձեւավորված անվստահելի տեղական վստահված անձինք, որոնք իրար դեմ ավելի շատ են պայքարում, քան Կիեւի:
Ուկրաինայի բանակը, որը փլուզվել էր 2014-ի ճգնաժամի սկզբում, այժմ ահռելի մարտական ուժ է՝ ժամանակակից զենքերով հագեցած հազարավոր մարտական կանոնավոր եւ պահուստային ստորաբաժանումներով։ Անցյալ տարի Ուկրաինան սկսեց ձեռք բերել թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչու սարքեր, որոնք պարտության էին մատնել հայկական ուժերին Լեռնային Ղարաբաղի 2020-ի պատերազմում: Նույնիսկ եթե ուկրաինական բանակը չկարողանա հաղթել մարտադաշտում, այն կարող է լուրջ վնաս պատճառել Ռուսաստանին:
Երբ 2019-ին Զելենսկին ընտրվեց, նա ընկալվում էր որպես երկխոսության համար բաց եւ, հավանաբար, զիջումների պատրաստ ղեկավար: Մասնավորապես ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփի Սպիտակ տան թերահավատության պայմաններում ավելի մեծ հարմարավետություն հաղորդվեց Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Դա այլեւս այդպես չէ:
Նույնիսկ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի իրավահաջորդ Ջո Բայդենի երդմնակալությաւնից առաջ Զելենսկին արդեն որդեգրել էր Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն, ընդհուպ մինչեւ 2021 թվականի մայիսին ձերբակալելով ռուսամետ օլիգարխ եւ Պուտինի մտերիմ Վիկտոր Մեդվեդչուկին:
Ուկրաինայում հակամարտությունն ավելի լայն եվրոպական համատեքստում դիտարկելիս պետք է հիշել, որ Պուտինը իշխանության է արդեն 22 տարի՝ իր համակիր պաշտոնյաների հետ, որոնք կիսում են խորհրդային պետության փլուզումից հետո ձեւավորված նույն աշխարհայացքը եւ նախապատվությունները:
Նրանք իրականությունից ավելի ու ավելի են մեկուսացված, եւ իրենց ստացած տեղեկությունները մեծապես միջնորդավորված են անվտանգության եւ հետախուզական գործակալությունների կողմից, որոնց աշխատակիցները գիտեն, որ մարտահրավերների փոխարեն սպասվածը մատուցելը պաշտոնական առաջխաղացման լավագույն միջոցն է։
Երբ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ասաց, որ Պուտինն «ապրում է այլ մոլորակում», նա նկատի ուներ ինքնադրսեւորումների այս հետեւանքը: Պուտինը եւ նրա համակիրները իսկապես հավատում են, որ Ռուսաստանը հայտնվել է գոյության սպառնալիքի առաջ, եւ անհրաժեշտ է վճռորոշ պատասխան տալ Արեւմուտքին:
Անցած երկու տարիների ընթացքում զանգվածային ապստամբությունները ցնցեցին Բելառուսը եւ Ղազախստանը, երկրներ, որոնք երկար ժամանակ համարվում էին քաղաքական կայունություն ունեցող հետխորհրդային պետություններ: Երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի վրա, Ռուսաստանը գրեթե դիտորդի դերում էր մի հակամարտությունում, որը տեղի էր ունենում իր ազդեցության տիրույթում:
Պուտինն, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանի առաջնորդը մինչեւ 2030-ականները, սակայն նա կարծում է, որ Ռուսաստանի երբեմնի հզորությունը եւ նրա ժառանգությունը վերականգնելու իր հնարավորությունը գնալով նվազում են: Նա հավատում է, որ իր մնալու լավագույն միջոցը Եվրոպայում ՆԱՏՕ-ի վրա հիմնված անվտանգության կառույցը կոտրելն ու նորը ձեւավորելն է։ Նոր կառույց, որում Ռուսաստանը կունենա վետոյի իր իրավունքը, իսկ ԱՄՆ-ը, լավագույն դեպքում, կունենա երկրորդական դեր:
Ուկրաինային ստիպողաբար Կրեմլին ենթարկեցնելը ավելի մեծ նպատակի մասն է միայն: Ավելին՝ նրա կառավարման համակարգի խավարամիտ եւ պարանոյիդային բնույթը հանգեցնում է նրան, որ իր դիվանագետները հաճախ չեն վստահում նրա մտադրություններին։
Ամենակարեւորը, սակայն, այն է, որ եվրոպական առաջնորդները հասկանան՝ եթե պատերազմ լինի Ուկրաինայում, ամբողջ մայրցամաքը չի խուսափի դրա ազդեցությունից:
Դարաղ Մքդաուել [Daragh McDowell] Irish Examiner Saturday
Պատրաստեց Կարինե Դավոյանը