Ըստ ՀՀ դատախազության՝ քաղաքացին վարչապետ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։
Քաղաքացի Փ. Ս.-ն 2021-ի սեպտեմբերի 20-ի երեկոյան զանգահարել է ոստիկանություն, բողոքել Երեւան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելուց եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք։ Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Փետրվարի 2-ին նա մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել տուգանքի՝ 500 հազար ՀՀ դրամի չափով:
Սա դատարանի ընդունած առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց եւ այն ուժի մեջ մտնելուց՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից հետո:
Մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է 263 քրգործ, որոնցից 25-ի դեպքում ընդունվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: