ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը Բելառուս է ուղարկել շուրջ 30 հազար զինծառայողի, ինչպես նաեւ ժամանակակից սպառազինություն։ Ըստ Ստոլտենբերգի՝ սա ռուսական զորքերի ամենամեծ ռազմական տեղակայումն է Բելառուսում «սառը պատերազմի» ավարտից հետո։
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը նշել է, որ Մոսկվան հարեւան երկիր է ուղարկել մասնավորապես հատուկ նշանակության ջոկատներ, Су-35 կործանիչներ, երկակի նշանակության հրթիռային համակարգեր՝ նախատեսված ե՛ւ սովորական, ե՛ւ ոչ միջուկային, ե՛ւ միջուկային պատերազմ վարելու համար, «Իսկանդեր» հրթիռային եւ S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգեր։
«Այդ ամենը տեղի է ունենում Ռուսաստանի միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ»,- հավելել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ ողջունել է Գերմանիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում հավելյալ ուժեր տեղակայելու մասին ԱՄՆ-ի որոշումը:
Սակարկում է զինտեխնիկան գնելու շուրջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստանից գնել ռուս-բելառուսական զորավարժություններին մասնակցող գրեթե ամբողջ զինտեխնիկան։
Ռուս-բելառուսական զորավարժությունների առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, Բելառուսի տարածքում զորքերի խմբավորումներ կվերաբաշխվեն եւ կստեղծվեն։ Երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվեն ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները։
«Բոլորը նկատեցին, որ Ռուսաստանից Բելառուս տեղափոխում ենք բազմաթիվ տեխնիկա, այդ թվում՝ ժամանակակից… Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր զինվորականները ոչ միայն տեսնեն այդ տեխնիկան, այլեւ, ինչպես ասում են, զգան այն»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել, որ դա կարեւոր է Բելառուսի եւ Միութենական պետության համար։