Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու սահմանների սահմանազատման հարցով՝ առանց որեւէ նախապայմանի եւ միջազգային փորձի հիման վրա։
Բայրամովը խոստովանել է, որ Երեւանն իր առաջարկներն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, սակայն դրանցում, ըստ նրա, որոշակի նախապայմաններ կան։ Բայրամովը չի հստակեցրել, թե ինչ նախախապայմանների մասին է խոսքը։
«Կարճ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ հակառակ կողմին է հասցրել իր դիրքորոշումը։ Մենք բաց ենք այս գործընթացը սկսելու համար՝ առանց որեւէ նախապայմանի»,- ասել է նա։
Բայրամովը պնդել է, որ միջազգային հարաբերություններում սահմանների որոշման բավական կայացած փորձ կա։ «Այս գործընթացը սկսելու համար նոր գյուտերի եւ կրեատիվ մոտեցումների կարիք չկա։ Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն, սահմանազատման հանձնաժողովը պետք է սկսի աշխատանքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Չլուծված խնդիրների լուծումը դրական ազդեցություն կթողնի
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով: Նա հիշեցրել էր, որ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ գործը կտանեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը:
Միրզոյանը հավելել էր, որ նախկինում հայկական կողմը տարբեր է առաջարկներ ներկայացրել: «Կոնկրետ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց, կրկնում եմ, սա շարունակական գործընթաց է, որովհետեւ եղել են նաեւ առաջարկներ, որոնք մեզ համար են եղել անընդունելի»,- ընդգծել էր նա:
ՀՀ արտգործնախարարը նշել էր նաեւ, որ չլուծված խնդիրների լուծումը եւ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կթողնեն ամբողջ տարածաշրջանի վրա։