Human Rights Watch-ը հայտնում է, որ փետրվարի 2-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է բանաձեւ, որի համաձայն՝ Թուրքիայի դեմ պետք է սկսվի իրավախախտման վարույթ։ Դրա հիման վրա նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ։
Բանաձեւը վերաբերում է նրան, որ վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան ձախողել է ՄԻԵԴ-ի վճռի իրականացումը, ըստ որի՝ Թուրքիան պետք է ազատ արձակեր իրավապաշտպան Օսման Կավալային եւ ամբողջությամբ վերականգներ նրա իրավունքները։
Բանաձեւը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարումը պարտադիր է, եւ որ դա կարեւոր ցուցիչ է Թուրքիայում իրավունքի գերակայության ճգնաժամի առկայության մասին։ Բանաձեւը ամրագրում է, որ Օսման Կավալայի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից կիրառված միջոցները պայմանավորված են քաղաքական նկատառումներով։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուկրաինա այցից առաջ ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ Օսման Կավալայի մասին ընդունած բանաձեւին, հայտնում է ընդդիմադիր «Sözcü› օրաթերթը։
«Մենք չենք ճանաչում նրանց, ովքեր մեր դատարաններին չեն ճանաչում։ Ես սա շատ հստակ եմ ասում։ Մեր դատարանները այս հարցի վերաբերյալ արդեն կայացրել են որոշումներ: Մեզ շատ չի հետաքրքրում, թե ինչ է ասել ՄԻԵԴ-ը կամ Եվրոպայի խորհուրդը։ Որովհետեւ մենք պահանջում ենք, որ հարգեն մեր դատարանների կայացրած որոշումները։ Իսկ եթե իրենք չեն պատրաստվում հարգել, ներողություն, բայց թող մեզնից էլ չակնկալեն հարգանք իրենց կայացրած որոշումների նկատմամբ»,-ասել է Էրդողանը։
Հատկանշական է, որ փետրվարի 2-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած բանաձեւը ընդհանրապես չի լուսաբանվել թուրքական մամուլում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը