Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է գերմանական Deutsche Welle-ի աշխատանքը դադարեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ կչեղարկի Deutsche Welle-ի ռուսաստանյան բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրերը, կփակվի թղթակցային գրասենյակը, կդադարեցվեն արբանյակային եւ այլ հեռարձակումները, ինչպես նաեւ կնախաձեռնվի ընկերությանը որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց։
«Փետրվարի 2-ին հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակում գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային եւ այլ հեռարձակումների արգելման ուղղությամբ ԳԴՀ-ի ոչ բարեկամական գործողություններին արձագանքելու կարգով ռուսական կողմը որոշել է իրականացնել պատասխան միջոցների առաջին փուլը՝ Ռուսաստանի Դաշնությունում Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցային կետի փակումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Մասնավորապես ՌԴ-ն մտադիր է պարզել եւ ցուցակագրել Գերմանիայի պետական եւ հանրային կառույցների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են ռուսաստանյան պետական հեռուստաընկերության գերմանալեզու ալիքի հեռարձակումը սահմանափակելու եւ ռուսական մեդիա օպերատորի վրա այլ ճնշումներ գործադրելու համար։ Նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։
Գերմանիայի մեդիակարգավորիչների գրանցման եւ վերահսկողության հանձնաժողովը փետրվարի 1-ին պաշտոնապես արգելել է Գերմանիայում ռուսաստանյան պետբյուջեից հովանավորվող RT (Russia Today) DE ալիքի հեռարձակումը Գերմանիայում՝ հայտարարելով, որ հեռարձակման կազմակերպիչներն անհրաժեշտ թույլտվություն չունեն։ RT-ն իր հերթին հայտարարել է, որ RT DE Productions-ը գերմանական կարգավորիչի որոշումը կբողոքարկի դատարանում:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատասխան միջոցներ կիրականացվեն Ռուսաստանում հավատարմագրված գերմանական ԶԼՄ-ների, ինչպես նաեւ ինտերնետ-միջնորդների նկատմամբ, որոնք իրենց հարթակներից կամայականորեն եւ անհիմն կերպով հեռացրել են հեռուստաալիքի հաշիվները։
Deutsche Welle-ն դեռեւս չի մեկնաբանել Ռուսաստանի իշխանությունների որոշումը։