Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում խոսել էր իշխանության ներսում բանավեճի առկայության մասին՝ շեշտելով, որ բանավեճ կա՝ ոչ միայն Կառավարության եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջեւ, այլեւ հենց նույն Կառավարության ներսում:
«Շատ կարեւոր եմ համարում, որ իշխանության թեւերը մեկը մյուսին լրացնեն եւ ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ:
Պիտի ընդգծեմ հետեւյալը՝ Կառավարության եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական մեծամասնության միջեւ էլ կա մշտական բանավեճ, հարցերի քննարկում: Ավելին՝ Կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ… Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետեւ բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ են խաթարում»,- նշել է նա:
Իրենց ժողովրդավարական համարող երկրներում իշխանության տարբեր թեւերի միջեւ բանավեճներն, ինչ խոսք, ոչ միայն դրական երեւույթ են, այլեւ խիստ անհրաժեշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ անգամ պարտադիր են: Հակառակ դեպքում իշխանությունը դատապարտված է լճացման:
Բայց իշխանության ներսում բանավեճի առկայության մասին Փաշինյանի խոսքերը, եթե անկեղծ լինենք, մի տեսակ հավատ չեն ներշնչում: Մեղմ ասած՝ հավատ չեն ներշնչում: Սա մի պարզ պատճառով. Փաշինյանը բազմիցս հրապարակային ցույց է տվել, որ պատրաստ չէ այլ տեսակետ լսելու, եւ որ ամեն ինչ իր ասածով պետք է լինի: Իսկ եթե ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, համարձակվել են հրապարակային բանավիճել, նրանց պարզապես «շշպռել է»:
Հիշում եք, թեկուզ օրեր առաջ Փաշինյանի հայտարարությունները, թե ինքն է արգելել Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական տալ. «Եվ ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ Կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»,- շարունակել էր իր խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Հետո արդեն Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց «նշանակելու» մասին խոսելիս նույն ոգով պատասխանել էր, թե «Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ…»:
Բնական է, որ նման տոնով հայտարարություններ անող մարդը հազիվ թե հանդուրժի որեւէ բանավեճ, որեւէ այլ կարծիք, այն էլ՝ իշխանության ներսում:
Հավանաբար կհիշեք նաեւ՝ Կառավարության նիստերից մեկում ինչպես ավարտվեց այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ Փաշինյանի հետ բանավիճելու փորձը: 2018-ի հունիսն էր, երբ Փաշինյանն ընդամենը երկու ամսվա վարչապետ էր: Եվ երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող ինչ-որ հարց էր քննարկվում, եւ երբ Մինասյանը համարձակվեց այլ տեսակետ հայտնել, Փաշինյանը միանգամից հարձակվեց՝ հիշեցնելով թիմային պատասխանատվության պարտադիր լինելու մասին. «Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց, թե այդ որոշումը կոլեգիալ է, եւ որպես կոլեգիալ մարմին՝ ինքը կատարելու է: Եվ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այլ կերպ չէր էլ կարող լինել:
Կառավարության նիստերից մեկում էլ կոպտորեն ընդհատեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, երբ վերջինս, խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ցածր տեմպերի մասին, որպես պատճառներից մեկը մատնանշել էր այդ թեմայով ակտիվ հակաքարոզչության եւ մանիպուլյացիաների հիման վրա ձեւավորվող կեղծ տեղեկատվական դաշտը:
Այդ ժամանակ էլ Փաշինյանը պայթել էր՝ պահանջելով չդժգոհել, այլ արդյունքներ ապահովել: Արդեն կառավարության հաջորդ նիստերից մեկում Փաշինյանն ինքն էր ստիպված խոստովանել, որ պատվաստման դեմ հակաքարոզչությունն իր ազդեցությունն է թողնում գործընթացի վրա, եւ սկսել էր դրանց հեղինակենրի վրա «մուննաթ գալ», մեղադրանքներ հնչեցնել:
Այնպես որ, երբ տարբեր առիթներով ականատես ես լինում նման միջադեպերի, իշխանության ներսում բանավեճերի մասին խոսակցությունները ոչ միայն անհավատալի են, այլեւ ծիծաղ են հարուցում՝ հիշեցնելով ծուռ հայելիների թագավորությունը:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: