ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում:
«Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց միեւնույնն է, անում են, ինչը ցավալի է»,- ասել է Կլիմովը:
Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները հասկանալի են, մի կողմից Անկարան փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ տանել իր սպառազինությունը: «Էլ չասած, որ Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը»,- հավելել է Կլիմովը:
Դեռ 2021-ի հոկտեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հռոմում հանդիպումից հետո հայտարարել է, թե Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի՝ թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, եւ այդ հարցում ոչ ոք չի կարող մեղադրել Անկարային։
«Երբ որեւէ երկիր որեւէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որեւէ այլ երկրից, այդ զենքը դադարում է թուրքական, ռուսական կամ ուկրաինական լինելուց։ Թեեւ այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային»,- ասել է նա։