Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիեւում խոսել է Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամի մասին․ «Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անելու, որպեսզի Սեւ ծովի իր հարեւան երկրների միջեւ ստեղծված լարվածությունը հանգուցալուծվի։ Այցի ժամանակ նաեւ ստորագրվել է խիստ կարեւոր փաստաթուղթ թուրքական անօդաչուների վերաբերյալ»։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր Կիեւ՝ մասնակցելու Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստին։ Երկու երկրների նախագահներն առանձին հանդիպում են ունեցել, որը տեւել է մոտ 3 ժամ, սրան հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը։
«Շատ ուրախ եմ, որ երկու տարվա դադարից հետո կրկին այցելեցի մեր ռազմավարական դաշնակից պետություն՝ Ուկրաինա։ Մեր հանդիպումը կայանում է շատ փխրուն ժամանակահատվածում։ Նորից եմ ցանկանում կրկնել, որ մենք կողմ ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ վիճելի տարածքների նկատմամբ Ուկրաինայի գերիշխանությանը, այդ թվում նաեւ Ղրիմի հարցում»,- իր խոսքում նշել է Էրդողանը։
«Հիացած ենք Ուկրաինայի նախագահի եւ ղեկավար կազմի սթափ ու հավասարակշռված մոտեցմամբ եւ երկխոսության գնալու պատրաստակամությամբ։ Թուրքիան պատրաստ է կազմակերպելու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, անհրաժեշտության դեպքում հանդիպումները կարող ենք անցկացնել նաեւ տեխնիկական մակարդակում։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք լարվածությունը մեղմել, այլ ոչ թե ավելի սրել ճգնաժամը։ Դոնբասի կոնֆլիկտի հաղթահարման նպատակով շատ ենք կարեւորում Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության դերը։ Ստեղծման օրվանից ի վեր բոլոր կողմերի վստահությունը վաստակած եւ Թուրքիայի դեսպանների կողմից կառավարվող առաքելությանը Թուրքիան ամբողջությամբ աջակցում է։ Անկեղծորեն հավատում եմ, որ խնդիրը կլուծվի՝ հիմք ընդունելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքը, Մինսկի համաձայնագրերը, ու կհասնենք հակամարտության հարթմանը միայն ու միայն դիվանագիտական ու խաղաղարարական մեթոդներով»,- Էրդողանի ելույթից այս հատվածն է փոխանցել պարբերականը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ կնքված ազատ առեւտրային պայմանագիրը, երկրների միջեւ առեւտրի ծավալների ընդլայնման հարցը։
Ըստ «Milliyet»-ի՝ նախագահ Էրդողանը նշել է, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 2 միլիոնից ավելի Ուկրաինայի քաղաքացիների, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։
«Մեր երկրների միջեւ պատմական ընկերության կամուրջ ստեղծած Ղրիմի թաթարների եւ մեր ազգակիցների հարցերը նույնպես քննարկեցինք։ Այսօր մեր ստորագրած համաձայնագրերը վկայում են այն մասին, որ մենք մեծապես ցանկանում ենք մեր ռազմավարական դաշնակից երկրին բոլոր ոլորտերնում առավել առաջատար դիրքում տեսնել։ Մինչ օրս եղածից ավելի ուժեղ ու հաստատակամ քայլերով ենք շարունակելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ավելի խորացնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի Արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ կնքվել է առաջադեմ տեխնոլոգիաների, ավիացիայի եւ տիեզերագնացության ոլորտներում համագործակցության պայմանագիր, հաղորդում է «Milliyet»-ը։
Ըստ արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարարության հայտարարության՝ երկու երկրների համագործակցության ոլորտները գնալով ավելի են ընդլայնվելու, իսկ թուրք ներդրողները մի շարք առավելություններ են ստանալու մաքսային եւ հարկային դաշտում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը