Իտալիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իտալիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները: Երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցը գնահատվել է երկարատեւ եւ արդյունավետ:
Նախարարները հավաստել են, որ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու լիակատար ինքնիշխանությունը:
«Իտալիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներy համակարծիք են Ռուսաստանի հետ երկխոսության ուղին շարունակելու հանձնառության հարցում՝ պահպանելով եվրոպական ճակատի միասնությունը ընդհանուր պատասխան որոշելիս»,- ասված է համատեղ հայտարարությունում:
Դի Մայոն հույս է հայտնել, որ Մոսկվան դրականորեն կարձագանքի ճգնաժամի լուծման համար լուրջ եւ հստակ երկխոսություն գործարկելու դաշնակիցների պատրաստակամությանը: Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել լարվածության սրացումից խուսափելու ուղղությամբ եւ նպաստել քաղաքական եւ դիվանագիտական նախաձեռնությունների դաշտի ընդլայնմանը: