Վարդաբլուր գյուղի վերջնամասում՝ սեփական տներից մեկի դիմաց, անհնար է չնկատել թիթեղյա ջարդոններից պատրաստված 5 մետրանոց քանդակը: Հեղինակը քանդակագործ, գեղանկարիչ Գրիգոր Մանուկյանն է: «Երկու շաբաթ առաջ եմ տեղադրել, գյուղի աղբանոցներից հավաքած թիթեղներով: Թափոնային արվեստ է, այսօր աշխարհում տարածում ունի: Գյուղացիներն արդեն գիտեն, մեկ էլ տեսար՝ մի ջարդոն ձեռքներին գալիս են մեր տուն»,- պատմում է Գրիգոր Մանուկյանը:
«Ե՞րբ ես ներկելու քանդակը»,- ամեն անցնող-դարձող այս հարցն է տալիս: Գրիգոր Մանուկյանն էլ բոլորին առանց զլանալու բացատրում է, որ կոռոզիայի ենթարկված թիթեղի գույնը բնական է, ինքնին արդեն արվեստի գործ, ամենեւին կարիք չկա դրան արհեստական երանգ հաղորդելու: Քանդակագործի ամենահայտնի աշխատանքներից մեկը Ստեփանավանի կենտրոնում տեղադրված «Պարող զույգ» կամ «Հայկական պար» քանդակն է՝ քաղաքի, թերեւս, առաջին ավանգարդ մոնումենտալ մետաղական քանդակը:
Գրիգոր Մանուկյանը Թերլեմեզյանի գեղանկարչության բաժինն է ավարտել, բայց երկաթի ու ծավալի հետ է գերադասում աշխատել: «Երկաթի մեջ այնքան հետաքրքիր բաներ կան: Արտադրական թափոնը, թվում է, ոչ մի նշանակություն չունի, գեղագիտական ոչինչ չի ներկայացնում: Իմ արվեստի գաղափարն էլ հենց այն է, որ ես այդ չեղած բանից եմ քանդակ ստեղծում»:
80-ամյա քանդակագործի «Էպոս մետալիկ» քանդակն էլ 2020-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայր դպրոցի քանդակների պուրակում է տեղադրվել:
Գրիգոր Մանուկյանի աշխատանքների մեծ մասը Վանաձորում է, մի մասն էլ ստեղծվել է Վարդաբլուրում, որտեղ քանդակագործը տասը տարուց ավելի ապրում է տիկնոջ հետ:
Գրիգոր Մանուկյանի մայրը Կիլիկիայից էր, հայրը՝ Կեսարիայից: 1915 թվականին գաղթել են Բեյրութ: Հիշում է՝ հորական տատը հայերեն չգիտեր: Տատն ու պապը իրար հետ թուրքերեն էին խոսում, տատից էլ թուրքերեն է սովորել:
«Ծնվել եմ Բեյրութում: Հայրս, հորեղբայրս եւ պապս Բեյրութի կենտրոնում կահույքի խանութ ունեին, այն ժամանակ Բեյրութը Ֆրանսիայի գաղութ էր, մեր ընտանեկան կահույքը մեծ պահանջարկ ուներ, արագ սպառվում էր, հիմնականում Ֆրանսիա էին տանում: Լավ էինք ապրում, բայց եւ այնպես ծնողներս, պապս որոշեցին հայրենիք գալ»: Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով Բաթումի նավահանգիստ է հասնում 1946 թվականի հունիսի 27-ին։ Հայրենիք վերադարձած Դամասկոսի եւ Բեյրութի հայերի մեջ նաեւ Գրիգոր Մանուկյանի 10 հոգանոց մեծ ընտանիքն էր:
Վեց տարեկան էր, երբ հայրենադարձվեցին, քիչ բան է հիշում: Ընտանիքին ուղարկում են 4-րդ գյուղ. «Հիշում եմ, բահ էին բաժանել, որ տուն կառուցենք, հիմնվենք: Պայմանները վատն էին, չմնացինք այնտեղ: Մեծերի խոսակցություններն եմ հիշում միայն, առաջին հարկում նստում էինք, դուռ-լուսամուտ փակում ու գաղտնի խոսում, որ չլսեն, վախը սրտներում էին ապրում: Մեր նամակները ԿԳԲ-ն ստուգում էր: Մենք էլ գաղտնաբառով էինք խոսում: Հետո սկսվեց աքսորը. գիշերը քնում էինք, առավոտը տեսնում էինք՝ հարեւանը չկա: Ես էլ ՝երեխա, միամտորեն կարծում էի՝ մեծ ընտանիք ենք, շատ երեխաներ կան, չեն բաժանում իրարից: Գիշերը գալիս էին փակ մեքենաներով, առնում-տանում էին Սիբիր: Լաց ու կոծ, վայնասուն: Էդ մատնիչները մեր մեջ էին»:
Չհարմարվելով գյուղական բնակավայրին՝ ընտանիքի արհեստավոր տղամարդիկ որոշում են Երեւան տեղափոխվել: Նոր Արեշում սեփական ձեռքերով տուն են կառուցում, չորս տարի այնտեղ բնակվելուց հետո տեղափոխվում Արաբկիր: Գեղանկարիչ եւ քանդակագործ հարեւանների ազդեցությունը երիտասարդ Գրիգորի համար բախտորոշ է դառնում:
«Թերլեմեզյանի գեղանկարչության բաժինն ավարտելուց հետո ինձ չգտա Երեւանում, Մերձբալթիկա՝ Էստոնիա մեկնեցի, սովորեցի տեղի գեղարվեստի ինստիտուտում, արեւմուտքն իր ողջ հմայքով իմ առջեւ նոր հորիզոններ բացեց, ամուսնացա, երկու որդի ունեցա, ցավոք, կինս այնտեղ քաղցկեղից մահացավ»:
25 տարի այնտեղ ապրելուց հետո քանդակագործը վերադառնում է Երեւան, հայրենադարձ ազգականները, խորհրդային բիրտ, գորշ ժամանակների հետ չհաշտվելով, հիասթափված հեռացել էին Բոստոն: «Մեզ էլ հրավիրեցին, ծնողներիս հետ գնացինք, ես էլ՝ խենթ ու խելառ երիտասարդ, կարծում էի՝ Ամերիկայում սարեր եմ շրջելու: Առաջին օրվանից տեղս չէի գտնում, ամեն ինչն օտար էր, չհամակերպվեցի, բայց քանի որ ծնողներս, բոլոր հարազատներս այնտեղ էին, մնացինք, մոտ 25 տարի էլ այնտեղ ապրեցի: Ոսկերչությամբ էի գումար վաստակում, գրպաններս փողով լի տուն էի գալիս: Երբեմն ցուցահանդեսներ էինք անում հայ նկարիչներով: Թեեւ Ամերիկայում ամեն ինչ մշակված է մարդու կյանքը հեշտացնելու համար, բայց եւ այնպես իմ կյանքն անտանելի էր դարձրել հենց կարոտախտը, այդ զգացումն ինձ խեղդում էր»,- պատմում է քանդակագործը:
Գրիգոր Մանուկյանը Հայաստան է վերադառնում 2003 թվականին, Երեւանն այլեւս իր հիշողությունների քաղաքը չէր: Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդես է ունենում: Հանդիպում է երկրորդ կնոջը, տեղափոխվում Լոռու մարզ՝ Վարդաբլուր գյուղ:
Գրիգոր Մանուկյանը տիկնոջ հետ հաստատվում է անհրապույր, կիսավեր մի տանը: Եռանդուն ու կյանքով լեցուն քանդակագործի համար պարապ նստելը կյանքի ռիթմից ընկնել էր նշանակում: Սեփական նախաձեռնությամբ մաքրում է գյուղապետարանի ազատ դահլիճը եւ գյուղի երեխաներին քանդակագործության եւ ջութակի դասեր տալիս: Լուսամուտները մինչ օրս էլ սարքին չեն, հակառակ դեպքում, ասում է, կշարունակեր գործը:
Քանդակագործի ջութակը միշտ բազմոցի կողքին է դրված, հյուրերի համար ամեն պահի պատրաստ է նվագելու:
Վարդաբլուրում մի շարք քանդակներ է ստեղծել, որոնցից մեկն էլ Կոմիտասն է՝ դրված գյուղապետարանի առջեւ: Կոմիտասն այս գյուղում է գրի առել իր «Հորովել»-ը:
«Վարդաբլուրից ո՛չ Երեւան, ո՛չ էլ առավել եւս արտասահման չեմ ուզում գնալ, թեպետ անձնագիրս ամերիկյան է: Էս սարի տակ ո՞վ չի ուզի ապրել: Մարդ արարածը աշխարհի որ կետում էլ լինի, նույնն է՝ ուտելը նույնն է, կենցաղը նույնն է: Հիմա այստեղ ես թագավոր եմ: Միայն մի բանի դեմ եմ անզոր. ուժերիս մարտկոցն է նստել, բայց սրտումս դեռ երիտասարդ եմ,- ասում է 80-ամյա Գրիգոր Մանուկյանը, որ պատկառելի տարիքում էլ չի դադարում երազելուց, ծրագրեր կազմելուց:
«Վերջերս լսեցի, որ Սեւանում մանկապատանեկան խմբակներ են ուզում բացել, նամակ գրեցի համայնքապետարանին, որ ուզում եմ երեխաներին քանդակել, նկարել սովորեցնել, տեսնենք՝ ինչ պատասխան կտան: Հիմա ինձ միայն Սեւանը կփրկի: Եթե ինձ ընդունեն այդտեղ, շատ ուրախ կլինեմ, իմ կյանքն այնտեղ կավարտեմ, ո՛վ գիտի, գուցե եւ հնարավոր դառնա ծավալային քանդակների պուրակ բացել Սեւանում»:
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։