ԱՄՆ ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը ԱՄՆ պետքարտուղարությունից եւ պաշտպանության նախարարությունից պահանջել է արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների եւ արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում կոնգրեսականները պահանջել են մերժել արդիականացման սարքավորումներ ստանալու վերաբերյալ Թուրքիայի խնդրանքն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Կոնգրեսականների կարծիքով՝ Թուրքիայի հետ գործարքը կհանգեցնի տարածաշրջանում նոր ավերածությունների եւ մահերի։
«Միացյալ Նահանգները հետագայում որեւէ աջակցություն չպետք է ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները եւ միջազգային իրավունքի խախտումները երկրում եւ արտերկրում»,- ասված է նամակում:
Ըստ կոնգրեսականների՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ը չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները: «Էրդողանը, նշում են կոնգրեսականները, պատրաստակամություն է հանդես բերել՝ պատերազմական գործողություններում ավտորիտար ռեժիմներին աջակցելու հարցում։ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիան աջակցեց Ադրբեջանին, ինչը հանգեցրեց Արցախում վեց շաբաթ տեւած ավերիչ մարտերի»:
Բայդենի վարչակազմին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան եւ այլք: