«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հայտնել է, որ ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի 2020-2021 թվականների հաշվետվության՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչեւ 2022-ի հունվարի 1-ը Վրաստանում վարակվել է 10687 հղի կին, ինչպես նաեւ 159 հազար 977 երեխա եւ դեռահաս։
Երեխաների եւ դեռահասների շրջանում կորոնավիրուսով վարակվածների 49%-ը աղջիկներ են, 51%-ը՝ տղաներ:
Մայրացած կանանց վարակվածության մակարդակը կազմում է հաստատված դեպքերի 8,2%-ը, իսկ երեխաների եւ դեռահասներինը միասին՝ հաստատված դեպքերի 17,1%-ը։
Հղիների շրջանում հաստատված կորոնավիրուսի թվով առաջատարը Թբիլիսին է, այնուհետեւ՝ Իմերեթին եւ Աջարիան: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են 25-29 տարեկան հղիների շրջանում։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի՝ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի սկզբից մինչեւ 2022-ի հունվարի 1-ը Վրաստանում նախածննդյան խնամքի տակ է գտնվել 129 հազար 341, 2020-ին՝ 66 հազար 359, իսկ 2021-ին՝ 62 հազար 982 հղի կին։
Զեկույցում նշվել է, որ հղիների շրջանում պատվաստումների տոկոսն ավելացման միտում ունի: