Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն նիստի ժամանակ դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով «Հարավային Օսիա» եզրույթը գործածությունից հանել։ Նիստին ներկա է եղել Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Սվեն Միքսերը։
Սամխարաձեն նշել է, որ «Հարավային Օսիան» ստալինյան ժամանակաշրջանի եզրույթ է, որը չի ճանաչվում Վրաստանի Սահմանադրությամբ։ Ըստ Սամխարաձեի՝ «Հարավային Օսիա» եզրույթը պետք է փոխարինվի «Ցխինվալիի շրջան» եզրույթով։
«Դուք եւ, առհասարակ, Արեւմուտքը, պայքարում եք ստալինյան հռետորաբանության դեմ, մինչդեռ ձեր բոլոր փաստաթղթերում օգտագործում եք ստալինյան ժամանակաշրջանի «Հարավային Օսիա» եզրույթը։ Նախկինում նման բան չի եղել։ Հետեւաբար հորդորում եմ. եկե՛ք միասին քննարկենք՝ ինչպես կարող ենք այս եզրույթն առհասարակ հեռացնել ձեր պաշտոնական փաստաթղթերից»,- շեշտել է Սամխարաձեն։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջարկին համաձայնել են նաեւ «Լելո» եւ «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցությունների ներկայացուցիչները:
Եվրոպացի պատգամավորը Սամխարաձեի դիտողությունը կարեւորել է եւ նշել, որ նկատի կունենան։