Ամերիկյան «Bloomberg» գործակալությունը Ռուսաստանի «ներխուժման» մասին վերնագիր է հրապարակել իր կայքում, այնուհետեւ ընդունել է սխալն ու անհապաղ հեռացրել այն։
Գործակալությունից հայտնել են, որ իրենք բազմաթիվ սցենարների համար վերնագրեր են պատրաստում, եւ «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը (Երեւանի ժամանակով 01:00-ին) պատահաբար հրապարակվել է «Bloomberg»-ի կայքում։
«Խորապես ցավում ենք սխալի համար»,- հայտարարել է Bloomberg գործակալության ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ լրատվամիջոցը ներքին հետաքննությամբ պարզում է միջադեպի հանգամանքները։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան գործակալության վրիպումը։
«Սա ցայտուն կերպով վկայում է՝ որքան վտանգավոր է այն իրավիճակը, որը հրահրում են Վաշինգտոնից, Լոնդոնից, եվրոպական մյուս մայրաքաղաքներից հնչող ագրեսիվ հայտարարությունները»,- նշել է Պեսկովը: