Գյումրիի ծայրամասում՝ Վանաձոր տանող ճանապարհին՝ քաղաքից գրեթե դուրս գնացքի վագոն-տնակում, Գրիգորյանների 6 հոգանոց ընտանիքն է ապրում։ Կարապետն ու Լիանան ամուսնացել են 12 տարի առաջ։ Հայրական տնից բաժին չի հասել նորապսակներին։ Նույն տարում տեղափոխվել են տնակում ապրելու՝ հույսով, որ մի երկու տարի կաշխատեն, տուն կգնեն։
Նպատակը, սակայն, երազանք է դառնում։ Տան հայրը՝ Կարապետը, ծանր հիվանդանում է, երիկամների եւ ստամոքսի խնդրին այս տարի էլ ավելանում է նորը։ Նոր տարվա առաջին իսկ օրերից Կարապետը սրտամկանի ծանր ինֆարկտ է տանում՝ ստենտավորվում։
Սառն ու նեղլիկ մետաղյա տնակում անկողնուն գամված տան հայրը պատմում է, որ դեղատների պարտքին էլ թիվ ու հաշիվ չկա, շնորհակալ է, որ գոնե տալիս են։ ‹‹Ես առողջ լինեի, ոչ ոքից էլ օգնություն չէի ակնկալի, երեխաներիս օրվա հացի խնդիրն անգամ չեմ կարողանում լուծել››։
35-ամյա Լիանան այժմ իր ուսերին է կրում բազմանդամ ընտանիքի ամբողջ հոգսը։ Ասում է՝ ցրտաշունչ ձմռան ծանր հետեւանքներն անդառնալի կլինեին, եթե իրենց չօգներ «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Վառելափայտ, սնունդ․ օգնում են՝ ինչով կարողանան։ ‹‹Եթե Վահան Թումասյանը չօգներ, կսառչեինք տնակում,- ասում է Լիանան,- բավական է, որ վառարանը մեկ ժամ չվառենք, տան ջերմաստիճանը միանգամից իջնում է 0-ից››։
2021 թվականին Լիանան դիմել է քաղաքապետարան ու մարզպետարան՝ աջակցության խնդրանքով։ Ասում է՝ մարզպետարանից ստացել է 20000 դրամի աջակցություն, իսկ քաղաքապետարանից՝ 1 ամանորյա մանկական տոպրակ։
Մեր այցի ընթացքում երիտասարդ կինը, ինչպես ամեն առավոտ, բակի աղբյուրի ջուրն էր հալեցնում։ Պատմում է՝ սա ամենադժվարը չէ։ Ձմեռն իր հետ բերում է անասելի դժվարություններ։ Տնակում չկան գազ, ջուր, նվազագույն հարմարություններ։
‹‹Չորս անչափահաս երեխաներիս՝ Սոնայիս, Սասունիս, Դավիթիս եւ Աշոտիս խնամքն այս փոքրիկ ու անհարմարավետ տնակում լավից-վատից կազմակերպում էինք, բայց ամուսնուս հիվանդությունը մեզ լրիվ կոտրեց: Թե ինչպես ենք ապրելու սրանից հետո, չգիտենք››,- ասում է Լիանան։
Գրիգորյանները երկրաշարժին տուն չեն կորցրել, հետեւաբար պետությունը պարտավորություն չի կրում ընտանիքին բնակարանով ապահովելու համար։ Այսպիսի ընտանիքների թիվը Գյումրիում շատ մեծ է։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասում է, որ ամեն տնակ ունի իր պատմությունը։ Որ քաղաքում բնակարաններ կառուցելու հետ զուգահեռ չի նվազում տնակում ապրողների թիվը, բազմաթիվ պատճառներ կան՝ ներքին միգրացիան, բազմանդամ ընտանիքների մի մասն ամուսնացել են՝ տեղափոխվել տնակներում ապրելու, կամ սոցիալական պատճառներով վաճառել են տունն ու տեղափոխվել տնակ, այսպիսի բազմաթիվ պատճառներ է նշում քաղաքապետը։
Երկրաշարժից հետո առաջին մի քանի տարվա ընթացքում Գյումրիում կառուցվել է 18000 բնակարան։ 2010 թվականին՝ 1056, 2012-ին եւս 1756 բնակարան է կառուցվել եւ հանձնվել անօթեւաններին։ 9 բնակարան է գնվել Գյումրի համայնքի միջոցով, 41-ը՝ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի։ Դրան էլ գումարվելու է Համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող երկու շենքը՝ 40 բնակարաններով։ Բնակարաններ են գնել եւ անօթեւաններին նվիրել նաեւ բազմաթիվ անհատներ եւ բարեգործական կազմակերպություններ։
Այս պահի դրությամբ քաղաքապետարանի տվյալներով Գյումրիում կա 2770 տնակ, որոնցից 500-ի դռները փակ են տարբեր պատճառներով։
2770 տնակում ապրող ընտարիքներից միայն 410-ի հանդեպ պետությունը դեռեւս չի կատարել պարտավորությունը. այս ընտանիքները երկրաշարժին բնակարան են կորցրել եւ դեռեւս սպասում են բնակարանատեր դառնալու իրենց հերթին։
Թե ինչ ճակատագիր է սպասվում մնացած՝ 2360 տնակաբնակներին, որոնց մեջ են նաեւ Գրիգորյանները, դեռեւս անհայտ է։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։