Արցախի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, ըստ որոնց` Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
«Այդ տեղեկությունները կեղծ են եւ ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,– նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։ Միաժամանակ, ՊԲ-ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալու նման տեղեկատվական խարդավանքներից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։