«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 5-ին տարածած իր հաղորդագրությունում խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի վերաբերյալ։
«Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի եւ խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասված է «Freedom House»-ի հայտարարությունում։
«Freedom House»-ը հիշեցրել է փետրվարի սկզբին դատարանի վճիռը` վարչապետ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ։
«Freedom House»-ը Հայաստանի խորհրդարանին հորդորել է չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։
2021-ի հուլիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին օրինագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ` տուգանքից մինչեւ կալանք։ Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ եւ դեմ քվեարկողներ չկային։